‘Իսրայելը ռմբակոծել է Սիրիայի տարածքը’

940

Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ օդային հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին այն բանից հետո, երբ սիրիական սահմանի մոտ սպանվել է իսրայելցի մի պատանի:

Կիրակի օրը Իսրայելի օկուպացրած Գոլանի բարձունքներում Սիրիայի տարածքից արձակված գնդակոծության արդյունքում հարվածի տակ էր հայտնվել մի բեռնատար ավտոմեքենա, և նրա մեջ գտնվող 15-ամյա պատանին սպանվել էր, իսկ նրա հայրն ու ևս մի մարդ վիրավորվել էին:

Իսրայելի իշխանություններն այդ սպանությունը համարում են Գոլանի բարձունքներում տեղի ունեցած ամենալուրջ միջադեպը Սիրիայում 2011 թ. շարունակվող քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր: Առայժմ հայտնի չէ, թե ով է իրականացրել գնդակոծությունը՝ սիրիական բանա՞կը, թե՞ գրոհայինները: Զոհված պատանին իսրայելցի արաբ էր:

«Մեր թշնամիները տարբերություն չեն դնում հրեաների և ոչ հրեաների, մեծերի ու փոքրերի միջև»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն:

Իսրայելի բանակի մամլո ծառայության ներկայացուցիչ, փոխգնդապետ Փիթեր Լերները Գոլանի բարձունքների գնդակոծումն անվանել է «ագրեսիայի գործողություն Իսրայելի նկատմամբ»: Associater Press-ին Լերներն ասել է, թե հարձակումն «ակնհայտորեն կանխամտածված է եղել», սակայն նաև հավելել է, թե առայժմ պարզ չէ՝ դա հրետանայի՞ն հարված էր, թե՞ ականանետային:

Ի պատասխան այդ սպանության՝ երկուշաբթի գիշերը Իսրայելը օդային հարվածներ է հասցրել սիրիական ինն օբյեկտների, այդ թվում՝ Սիրիայի զինված ուժերի շտաբին: Իսրայելցի զինվորականների պնդումներով՝ «խփել են ճիշտ նպատակակետերին»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացի հանրահայտ երգիչ Սթինգը մտադիր չէ ժառանգություն թողնել զավակներին’