‘Իսրայելի նոր նախագահը՝ Ռեուվեն Ռիվլին’

941

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Իսրայելի խորհրդարանում երկրորդ փուլի քվեարկության արդյունքներով նախագահ է ընտրվել «Լիկուդ» կուսակցության թեկնածուն՝ Ռեուվեն Ռիվլինը: «Իմ ընտրության պահից ես դադարում եմ լինել «Լիկուդ» կուսակցության անդամը,- հայտարարել է նորընտիր նախագահը:- Ես ուզում եմ լինել նախագահ, ով բաց է Իսլայելի ողջ ժողովրդի համար»:

Իսրայելը խորհրդարանական հանրապետություն է: Նրա օրենսդրության համաձայն՝ գործադիր իշխանության գործառույթները կենտրոնացած են վարչապետի և կառավարության ձեռքերում: Նախագահը արարողակարգային պարտականություններ է կատարում, հաստատում է դատավորներին, դեսպաններին, հյուպատոսներին և այլ պաշտոնյաների: Նա նաև քննում է հանցագործներին ներում շնորհելու խնդրագրերը: Նախագահի կարևոր պարտականություններից մեկը վարչապետի թեկնածուի ընտրությունն է Կնեսետի ընտրություններից անմիջապես հետո:

Իսրայելի նախագահին գաղտնի քվեարկությամբ ընտրում են խորհրդարանի 120 պատգամավորները: Նախագահի լիազորությունների ժամկետը 7 տարի է: Նույն մարդը իրավունք չունի նախագահի պաշտոնն զբաղեցնել մեկ անգամից ավելի:

Ընտրություններն մասնակցելու համար թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է Կնեսետի նախագահին ներկայացնի առնվազն 10 պատգամավորների ստորագրությամբ երաշխավորություն:

Այս նախագահական ընտրություններին մասնակցում էր հինգ թեկնածու:

Քաղաքական մեկնաբանների մեծ մասը համակարծիք է այն հարցում, որ այսպիսի կեղտոտ քարոզարշավ չի եղել երկրի պատմության ընթացքում: Քվերակությունից մի քանի շաբաթ առաջ լրատվամիջոցներում մեկը մյուսի ետևից մերկացնող փաստեր էին հայտնվում այս կամ այն թեկնածուի հասցեին: Երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մտադիր էին մասնակցել ընտրությոններին, այդ պատմությունների արդյունքում ստիպված էին դուրս գալ մրցապայքարից:

Էներգետիկայի և ջրային պաշարների նախարար Սիլվան Շալոմի դեմ քարոզարշավի ամենաթեժ պահին բողոք ներկայացվեց տարիներ առաջ սեռական ոտնձգություն կատարած լինելու մեղադրանքով: Ոստիկանության անցկացրած հետաքննությամբ քրեական գործ հարուցելու հիմքեր չհայտնաբերվեցին, սակայն նախարարն ստիպված էր դուրս գալ մրցապայքարից: Եւս մի ոստիկանական հետաքննություն, այս անգամ՝ պաշտպանության նախկին նախարար Բինիամին Բեն-Էլիեզերի դեմ, նրան նույնպես ստիպեց հրաժարվել նախագահ դառնալու մտքից: Բեն-Էլիեզերին կասկածում են առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու և Թել-Ավիվում  շքեղ տուն գնելու մեջ: Թե ինչպես կավարտվի այս գործը՝ առայժմ հայտնի չէ:

Եւս մի սկանդալ, որն աշխուժորեն քննարկվում է Իսրայելում, վերաբերում է  նորընտիր նախագահ Ռիվլինի և վարչապետ Նեթանյահուի անձնական թշնամանքին: «Ռուբի, շնորհավորելով հաղթանակի կապակցությամբ՝ ուզում եմ հատկապես ընդգծել, որ շուտով դուք ստիպված եք լինելու լուծել երկու կարևոր խնդիր. առաջինը վերաբերում է իսրայելյան հասարակության բոլոր շերտերի միավորմանը, երկրորդը՝ Իսրայելն արժանավոր կերպով ներկայացնելուն համաշխարհային ասպարեզում»,- Կնեսետում Ռիվլինին է դիմել Նեթանյահուն:

 Նորընտիր նախագահին իր շնորհավորանքներն է հղել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Ռեուվեն Ռիվլինը  74 տարեկան է: Նա ամուսնացած է, ունի չորս զավակ և նույնքան թոռ: Նաև հայտնի է, որ նա վերջին 35 տարիներին բուսակեր է դարձել:

Նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին Երուսաղեմում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի խորհրդարանը Խուան Կառլոսին թույլ է տվել հրաժարվել գահից’
Հաջորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոնի «Դժվարին այլընտրանքները»’