Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև կրակի դադարեցման ռեժիմն ուժի մեջ է մտել ուրբաթ գիշերը, տեղական ժամանակով ժամը 2-ին։
Տասնմեկ օր տևած հակամարտության ընթացքում զոհվել է 200-ից ավելի մարդ, մեծ մասը՝ Գազայի հատվածում։
Ավելի վաղ Իսրայելը հրադադարի վերաբերյալ որոշում է կայացրել ու նշել, որ 11-օրյա գործողության ընթացքում Իսրայելը «հսկայական նվաճումներ» է ունեցել։
«Ես ողջունում եմ 11 օր տևած ռազմական գործողություններից հետո կրակի դադարեցումը Գազայի և Իսրայելի միջև և բոլոր կողմերին կոչ եմ անում պահպանել հրադադարը»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե կապվել է Իսրայելի վարչապետի հետ և շնորհակալություն է հայտնել հրադադարի որոշման համար։ Բայդենը նաև նշել է, որ ԱՄՆ-ը կհամագործակցի ՄԱԿ-ի հետ՝ Գազայի հատվածում շտապ մարդասիրական օգնություն հասցնելու համար։
Փոխանցում է BBC-ն։