‘
Բրիտանիայի ոստիկանությունը անցյալ շաբաթ Լոնդոն կատարած այցի ժամանակ իսրայելցի քաղաքական գործիչ Ցիպի Լիվնիին հարցաքննության է կանչել ռազմական հանցագործությունների վերաբերյալ գործի շրջանակներում: Խոսքը 2008-2009 թթ. Գազայի հակամարտության մասին է, երբ Լիվնին արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ էր:
Կնեսետի «Սիոնիստական ճամբար» խմբակցության անդամ Լիվնին ոստիկանության ծանուցագիրն ստացել է հինգշաբթի, սակայն այն չեղյալ են արել Իսրայելի և Բրիտանիայի միջև բանակցություններից հետո, հաղորդել են իսրայելյան լրատվամիջոցները:
Վերջին տարիներին պաղեստինամետ ակտիվիստները իրավապահ մարմիններին են դիմել Լիվնիի և իսրայելցի այլ քաղաքական գործիչների դեմ մի շարք բողոքներով:
2009 թ. Բրիտանիայում Լիվնիին ձերբակալելու օրդեր էր տրվել, ինչը դիվանագիտական կոնֆլիկտի պատճառ էր դարձել երկու երկրների միջև: Այն ժամանակ Լիվնին ստիպված էր եղել հետաձգել իր այցը Լոնդոն: Փոխանցում է BBC-ն:
‘