‘Իվանիշվիլին համաձայն է աշխատանքի ընդունել Քոնդոլիզա Ռայսին’

804

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերքել է այն լուրերը, թե ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը դառնալու  է իր խորհրդականը, սակայն նաև նշել է, թե  երախտապարտ կլիներ, եթե այդպես լիներ: «Грузия-Online»-ի փոխանցմամբ՝  վարչապետը նման հայտարարություն է արել հուլիսի 25-ին: «Ինձ համար շատ հաճելի կլիներ, եթե Քոնդոլիզա Ռայսի նման քաղաքական գործիչը դառնար իմ խորհրդականը, ես կողջունեի դա»,- նշել է Իվանիշվիլին:

Այն լուրը, թե ԱՄՆ նախկին պետքարտուղարը կարող է դառնալ վրաց վարչապետի խորհրդականը, հուլիսի 25-ին տարածել էր «Известия»-ն: Թերթի տվյալներով՝ Ռայսն առաջարկել էր օգնել Վրաստանի կառավարությանը, որպեսզի նոր իշխանություններն «ավելի լավ կողմնորոշվեն վաշինգտոնայն կոնյուկտուրայում»: «Իր փորձն ու գիտելիքներն օգտագործելու նախաձեռնությունը Ռայսի կողմից է եղել»,- պարբերականին հայտնել է Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեն, որն օրերս վրացական պատվիրակության կազմում Սթենֆորդի համալսարանում հանդիպել է նախկին պետքարտուղարի հետ:

 Քոնդոլիզա Ռայսը ԱՄՆ պետքարտուղարությունը ղեկավարել է Բուշ-կրտսերի օրոք՝ 2005-2009 թթ.: Նախկինում նա բազմիցս արտահայտվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին աջակցելու օգտին, նաև ակտիվորեն մասնակցել է 2008 թ. օգոստոսյան դեպքերին: Սաակաշվիլին խոստովանել է, որ Ռայսն իրեն նախազգուշացրել էր Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չմտնել: Այդ հակամարտության զարգացումը նկարագրված է Ռայսի ինքնակենսագրական գրքում, որը լույս է տեսել 2011 թ., փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գնացքի աղետն Իսպանիայում. փորձագետներն ուսումնասիրում են սև արկղը’
Հաջորդ հոդվածը‘Մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում Իտալիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել’