‘
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հիասթափված է իր ղեկավարած կառավարությունում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակելու փաստին Մոսկվայի արձագանքից:
Ըստ BBC-ի, այդ մասին Իվանիշվիլին հայտարարել է Բրյուսելում ԵՄ հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ Զուրաբ Աբաշիձեին Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակելը Վրաստանի նոր կառավարության կողմից կատարված կարեւոր քայլ էր, սակայն առաջին շրջանում Ռուսաստանի կողմից արված հայտարարությունները հիասթափեցրել են վարչապետին:
«Մենք կրկին սպասում ենք, եւ հուսավ ենք, որ Ռուսաստանի իշխանությունները նոր վերլուծություն կանեն եւ համապատասխան քայլերի կգնան: Երկու երկրների միջեւ գոյություն ունեցող լարվածությունը ցանկալի չէ որեւէ կողմի համար, եւ մենք պետք է կարողանանք ինչ-որ կերպ բարելավել եւ զարգացնել մեր պատմական հարաբերությունները», — ասել է Իվանիշվիլին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Վրաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար անհրաժեշտ է, որ Թբիլիսին դիմի «կոնկրետ գործնական քայլերի»:
‘