‘Իվան Արդհալջյան. Չկարողացանք պաշտպանել 677 ՀՀ քաղաքացու իրաւունքը’

4968

ՀՅԴ վստահված անձ Իվան Արդհալջյանը ֆեյսբուքում գրում է.

«Այո, բայց ո՛չ
4/32 ընտրատեղամասում յանձնաժողովը եւ վստահուած անձիք չկարողացանք պաշտպանել 677 ՀՀ քաղաքացու իրաւունքը:
Ես առաւօտում քուէարկել եմ «Այո» յետոյ գնացել եմ 4/32 ընտրատեղամաս իբրեւ ՀՅԴ-ի վստահուած անձ:
Ամբողջ օրը տարեցներ, երիտասարդներ, ընտանիքներ, մասնագէտներ եւ անհատներ մտան ընտրատեղամաս եւ քուէարկեցին: Օրուայ ընթացքին օգնեցի տարեցներին բարձրանալ աստիճաններից, ուղղեցի մարդկանց համապատասխան սեղաններին համաձայն իրենց հասցէներին, շատ անգամ ստուգեցի յանձնաժողովի անդամների գործարքները:
Ես տեսայ 90-ամեայ վետերան ծերունու աչքերում յոյսի փայլը , զգացի հպարտութիւնը երիտասարդ մայրերի եւ հայրերի՝ իրենց զաւակները գրկած կամ ձեռքերից բռնած ինչպէս էին քուէաթերթիկները գցում արկղում՝ յուսալով աւելի լաւ, կամ չփոխուած Սահմանադրութիւն:
Ես հպարտ էի այս գործընթացքին մաս կազմելուս:
ժամը 20:00-ին դռները փակուեցին, հաշուարկը սկսուեց եւ ապա յանձնաժողովի նախագահը բացաւ 677 քուէաթերթիկներով լեցուն արկղը:
Նախագահը հատիկ հատիկ բացաւ ծրարները, եւ յանձնաժողովի հաստատումով ընդունուեց «Այո», «Ոչ» կամ անվաւեր քուէն իւրաքանչիւր քուէաթերթիկի համար: Այդ ընթացքին յանձնաժողովի անդամ մը, ուրիշ վստահուած անձ մը եւ ես հաշւում էինք եւ արձանագրում արդիւնքները: Վերջում, ըստ երեք արձանագրութիւններին, երեք քուէի տարբերութեամբ 404 «Ոչ», 229 «Այո» եւ 31 անվաւեր քուէ հաշուեցինք:
Յետոյ, երբ որ յանձնաժողովի անդամները սկսեցին քուէաթերթիկները հաշուել, ինչ որ ձեւով «Ոչ» քուէաթերթիկները դարձան 117, «Այո» քուէաթերթիկները դարձան 523 եւ 34 հատ էլ անվաւեր։
Նշեմ մի քանի անսովոր կացութիւն.
1. Ժամը 19:30-ին (4) անձիք ներկայացան իբրեւ դիտորդ:
2. Քուէների ծրարները բանալու վերջաւորութեան նոր ներս մտնող դիտորդներից մէկը խնդրեց ընդմիջում. Յանկարծ՝ հրել, հրմշտել, ծեծկռտուք սկսեց չորս նոր ներս մտնող դիտորդների միջեւ: Այն տեւեց մօտաւորապես 3-4 րոպէ: Բնականաբար, բոլորի ուշադրութիւնը ուղղուած էր չորսին: 
3. Բոլոր չորս նոր ներս մտնող դիտորդները միջադէպից յետոյ պատրաստակամօրէն դուրս եկան ընտրատեղամասից:
4. Քուէաթերթիկների հաշուարկից առաջ նախագահը դուրս ելաւ ընտրատեղամասից իր մեքենան “խոդի տալու”:
Ես վստա՛հ եմ որ քուէաթերթիկները ապօրինի ձեւով փոխուել են եւ 4/32 ընտրատեղամասում քուէարկած բոլոր 677 ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրաւունքը խախտուել է:
— Ամօ՛թ յանձնաժողովի բոլոր անդամներին եւ վստահուած անձանց (ներառեալ եւս ես), որ չկարողացանք պաշտպանել ՀՀ քաղաքացիների 677 ձայները՝ անկախ թէ ինչ են քուէարկել :
— Ամօ՛թ բոլոր անոնց , որ մաս են կազմած խախտման գործընթացին կամ ականատես եղած սակայն աչք փակած:
— Ամօ՛թ այն ղեկավարութեան, որ ուղղորդել է իր անձնակազմին նախագծել եւ իրականացնել նման կազմակերպուած խախտումներ:
— Ամօ՛թ որեւէ անձի, որ իմանալով որ խախտումներ կը լինեն, գիտակցաբար հեռացել է եւ մերժած պաշտպանել քաղաքացիների իրաւունքը։
Շնորհակալութիւն ձեզ, 677 ՀՀ քաղաքացիներ՝ հաւատալու մեր ժողովրդավարութեան: Դուք իմ յոյսն էք: Ես շարունակելու եմ պայքարել ձեզ համար:

Նախորդ հոդվածը‘Տեղական դիտորդներ. քվեարկության արդյունքները չպետք է համարվեն լեգիտիմ’
Հաջորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն «Կլոպն անհանգստացնում է ինձ»’