Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների միջև 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարներ։
Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Իտալիայի Ա Սերիայում աշխատող Դանիելե Օրսատոն։ Եզրերում նրան կօգնեն Չիրո Կարբոնեն ու Ալեսանդրո Ջիալատինին։ Չորրորդ պաշտոնյան Անտոնիո Ռապուանոն է, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
2020 թվականին Դանիելե Օրսատոն ճանաչվել է տարվա լավագույն մրցավար, ինչպես նաև սպասարկել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը ֆրանսիական ՊՍԺ-ի ու Մյունխենի «Բավարիայի» միջև։
Թուրքիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։ Այդ խաղից երեք օր անց Ալեքսանդր Պետրակովի թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։
Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) ունեն 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է բոլոր՝ երեք խաղերում։