‘Իտալացի ուսուցիչն ապատեղեկություններ է հաղորդում համաշխարհային ԶԼՄ-ներին’

711

ԱՄՆ-ում պետական դավաճանության և լրտեսության մեջ մեղադրվող Էդուարդ Սնոուդենը Twitter-ում «գրել» է. «Հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ նախագահի հետ»… Պարզվում է, սակայն, որ twitt-ը կեղծ է, և նրա հեղինակն իտալացի ուսուցիչ Տոմասո Դեբենեդետին է, որը Twitter-ում բազմաթիվ կեղծ հաշիվներ է բացել, այդ թվում՝ Հռոմի պապի, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի և այլոց անուններով: Շատերը մի քանի հարյուր բաժանորդ ունեն, և ոչ ոք չի մերկացնում «վիրտուալ կեղծարարին»:

«Ռուսաստանցի մի նախարարի կեղծ հաշվից մեկ տարի առաջ ես տեղեկացրի, թե մահացել է Բաշար Ասադը: Նորությունն անմիջապես տարածվեց ԶԼՄ-ներով, և արդյունքը վայրկենական էր՝ բորսայում մի քանի րոպեում, մինչ «նորությունը» կհերքվեր, նավթի գինը թռավ»,- պարծենում է Դեբենեդետին, որին արդեն կպցրել են «twitter-ահաբեկիչ» անունը: Վիրտուալ ահաբեկիչն ուշադիր հետևում է համաշխարահային իրադարձություններին և լուր կեղծելու նպատակով ընտրում ամենանուրբ և արդիական թեմաները: Նույն ռուսաստանցի նախարարի անունից նա տարածել էր Սնոուդենին Բոլիվիայի կողմից ապաստան տրամադրելու լուրը, ինչի հետևանքով Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռը ստիպված եղավ վայրէջք կատարել Վիեննայում, քանի որ եվրոպական մի քանի երկրներ արգելեցին նրա թռիչքն իրենց տարածքի վրայով՝ լրջորեն կասկածելով, որ ինքնաթիռում է նաև ԿՀՎ նախկին աշխատակիցը: Տոմասո Դեբենեդետին հարց է տալիս. «Ինչո՞ւ ոչ մեկը հարց չի տալիս, թե ո՞նց է եղել, որ վտանգավոր տեղեկատվության տիրապետող այդ հեղինակավոր պաշտոնյաները էջ ունեն Twitter-ում»: Եւ ինքն էլ պատասխանում է. «Դե, որովհետև դա սոցիալական ցանցերի՝ Twitter-ի, Facebook-ի՝ բացարձակապես չվերահսկվող տարածքն է, և դա իրականություն է»:

Նախկին լրագրող, ներկայումս՝ դպրոցի ուսուցիչ Դեբենեդետին, որ, իր ասելով՝ այդպիսով պայքարում է հանուն տեղեկատվական հոսքի մաքրության, իր այդ գործունեության համար արդեն «վճարել» է՝ հեռացվելով արհմիությունից: Նա խուսափում է իր «գրչակից ընկերներից» և Ինտերնետից օգտվում  է հասարակական վայրերում, ընդ որում՝ բացառապես «արվեստի հանդեպ ունեցած սիրուց» դրդված, քանի որ  նրա գործունեությունը ֆինանսական ոչ մի եկամուտ չի բերում, փոխանցել է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ընդդիմությունը պատրաստվում է հանձնել թեկնածուի գրանցման փաստաթղթերը’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» հերթական անգամ խուճապի մեջ է’