‘Իտալիայի նախագահ Նապոլիտանոն մտադիր չէ առաջադրվել երկրորդ ժամկետով’

663

Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր չէ կրկին գրավել պետության ղեկավարի պաշտոնը: Հինգշաբթի երեկոյան նախագահի գրասենյակի կողմից տարածված ուղերձում նշվում է, որ Նապոլիտանոն վաղուց հրապարակել է պետական այդ բարձր պաշտոնում չառաջադրվելու իր պատճառները («Ես շատ եմ աշխատել, ինձ վրա մեծ պատասխանատվություն է դրված: Բայց ես արդեն շատ ծեր մարդ եմ: Հարկավոր է լիազորությունները հանձնել նոր մարդկանց»):

Վերջին շրջանում երկրի ազդեցիկ քաղաքական գործիչները կարծիք են հայտնում, թե ստեղծված իրադրությունում ավելի նպատակահարմար է 87-ամյա նախագահի վերընտրվելը երկրորդ ժամկետով: Մանավորապես՝ անցյալ չորեքշաբթի այս մասին հայտարարեցին նաև երկրի վարչապետ Մարիո Մոնտին և ազգային խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինին: Հենց այս հայտարարություններն են ստիպել, որպեսզի Նապոլիտանոն հանդես գա պաշտոնական հայտարարությամբ և վերահաստատի նախագահի պաշտոնում չառաջադրվելու իր որոշումը:

Ջորջո Նապոլիտանոն Իտալիայի 11-րդ նախագահն է: Նրա յոթնամյա մանդատն ավարտվում է մայիսի կեսերին: Սահմանադրության համաձայն՝ նախագահական լիազորությունների ավարատից 30 օր առաջ պատգամավորների պալատի նախագահը պետք է խորհրդարանի պալատների և Իտալիայի բոլոր շրջանների ներկայացուցիչների համատեղ նիստ հրավիրի՝ պետության նոր ղեկավար ընտրելու համար: Իտալիայի պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ հանրապետության նախագահն այդ պաշտոնը զբաղեցնի երկու անգամ, հաղորդում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» դատի է տվել կատալոնյան հեռուստաալիքին’
Հաջորդ հոդվածը‘Մահափորձ է կատարվել Անապայի քաղաքապետի թեկնածուի դեմ, վարորդն սպանվել է’