‘
Ոստիկանության աշխատակիցներն Իտալիայում և Գերմանիայում ձերբակալել են Վրաստանից ժամանած 28 հոգու, որոնք զբաղվել են բնակարանային գողությամբ, հաղորդել են վրացական լրատվամիջոցները:
Իտալացի և գերմանացի ոստիկանների տվյալներով՝ ձերբակալվածները կազմակերպված հացախմբի անդամներ են, որոնք վերջին երկու տարվա ընթացքում թալանել են 85 բնակարան Գերմանիայի և Իտալիայի տարբեր քաղաքներում: Իրենց ավարը նրանք ուղեբեռներով ուղարկել են Վրաստան:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը գործուն միջոցներ է ձեռնարկում եվրոպական տարբեր երկրներում իրավապահ մարմինների հետ համագործակցելու և Վրաստանից ժամանած հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: Այս տարվա ամռանը հաղորդվել էր Իսպանիայում, Գերմանիայում և Հունաստանում վրաստանցի տասնյակ հանցագործների ձերբակալելու մասին: Վրաստանի ՆԳՆ-ի համաձայն՝ նրանց ձերբակալման գործում ակտիվ մասնակցություն է ունեցել վրացական կողմը:
Փոխանցում է Interfax-ը:
‘