‘Իտալիան մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում գրանցված միջադեպերով’

844

Իտալիան մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում վերջին շրջանում գրանցված միջադեպերի առթիվ, ասվում է այդ երկրի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ հուլիսի 14-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հռոմ կատարած այցելության առթիվ, Իտալիան և Ադրբեջանը պայմանավորվել են ընդունել համատեղ հայտարարություն՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում և համագործակցության նոր հորիզոններ բացահայտել` ներառյալ քաղաքացիական հասարակության ընդգրկման միջոցով:

«Նման բազմաբնույթ համագործակցության մեջ ներառվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի (որի անդամ է Իտալիան և անվերապահ կիսում ու աջակցում է սկզբունքներին) համանախագահների հովանու ներքո ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանձնառությունը:

Իտալական կողմը, համահունչ իր ավանդական դիրքորոշմանը և ներդաշնակ ԵՄ դիրքորոշման հետ, անհրաժեշտ է համարում վերահաստատել, այդ թվում՝ Համատեղ հայտարարության համատեքստում, որ Հռոմի և Բաքվի փոխադարձ հանձնառությունը պետք է կենտրոնանա հակամարտության խաղաղ կարգավորման վրա՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի, ինչպես նաև` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի վրա», — ասվում է հայտարարության տեքստում:

Արտգործնախարարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ Իտալիան, նկատի ունենալով վերջին զարգացումները, խորապես մտահոգված է միջադեպերով, որ վերջերս տեղի են ունեցել տարածաշրջանում և, սերտ համագործակցությամբ ԵՄ գործընկերների հետ, խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, ինչպես նաև` օգտվել նախագահ Ալիևի և նախագահ Սարգսյանի օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպման հնարավորությունից հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու նպատակով:

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները կհանդիպեն Նախիջեւանում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի տանկային հավաքականը միջազգային մրցաշարում արծաթ է նվաճել’