‘
Իտալիան պատրաստ է ինքնաթիռներ ուղարկել Իրաք՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտտին՝ ելույթ ունենալով սեպտեմբերի 7-ի երեկոյան Գենուայի Սան-Ջորջո պալատում: «Մենք պատրաստ ենք տրամադրել մեր ինքնաթիռները՝ ռմբակոծելու Իրաքում ԻՊ-ի գրոհայիններին»,- ասել է Պինոտտին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ճշտել է, որ դաշնակիցների կողմից իրենց չեն դիմել նման խնդրով, և այդ տարածաշրջանում Իտալիայի օգնությունն այսօր սահմանափակվում է թեթև սպառազինության մատակարարմամբ:
Ռոբերտա Պինոտտիի խոսքով՝ ԻՊ-ն «լուրջ սպառնալիք է ողջ Հյուսիսատլանտյան դաշինքի համար»: Նա նաև հավելել է, որ Իտալիայի կառավարությունը «չի քննարկել իր զորքերը Սիրիա ուղարկելու հնարավորությունը», փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘