‘Իտալիա. Լոմբարդիան և Վենետոն քվեարկել են ինքնավարության ընդլայնման օգտին’

1725

Իտալիայի ամենահարուստ շրջանների՝ Լոմբարդիայի և Վենետոյի բնակիչները խորհրդանշական հանրաքվեում քվեարկել են ինքնավարության ընդլայնման օգտին, նախնական տվյալները վկայակոչելով՝ հայտարարել են հյուսիսային այդ երկու շրջանների ղեկավարները:

Հանրաքվեի արդյունքները իրավական պարտադրող ուժ չունեն Հռոմում կենտրանական կառավարության համար:

Լոմբարդիայում մասնակցությունը կազմել է 40 %,  իսկ Վենետոյում՝ 57 %: Տեղական իշխանությունների հավաստմամբ՝ մասնակիցների ավելի քան 90 %-ն արտահայտվել է հօգուտ ավելի լայն ինքնավարության:

Լոմբարդիան, որի կազմում է Իտալիայի ֆինանսական մայրաքաղաքը՝ Միլանը, և Վենետոն՝ Վենետիկ մայրաքաղաքով, տնտեսապես երկրի ամենահաջողակ շրջաններն են: Նրանց մասնաբաժինը Իտալիայի ՀՆԱ-ում կազմում է 30 %:

Շրջանների գլխավոր պահանջներից մեկն այն է, որ նրանք Հռոմին շատ ավելի հարկ են վճարում, քան ստանում են բյուջեից: Նրանք ուզում են առնվազն երկու անգամով կրճատել իրենց վճարումները Հռոմին: Լոմբարդիայի նախագահ Ռոբերտո Մարոնին և Վենետոյի ղեկավար Լուկա Ձայան ընդդիմադիր, հականերգաղթային «Հյուսիսի լիգայի» կազմում են և արդեն վաղուց են բողոքում, որ հյուսիսը չպետք է «կերակրի» շատ ավելի աղքատ հարավին:

Հռոմում կենտրոնական իշխանությունը  չի խրախուսել հանրաքվեները՝ հայտարարելով, որ դրա անհրաժեշտությունը չկար, թեպետ Իտալիայի Սահմանադրությունը դա թույլ է տալիս:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Զինվորի մահվան քրգործով կա ձերբակալված’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ծանրամարտի երիտասարդների հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով’