‘
Ինչպես հայտնի է, փաստաբան Վահե Գրիգորյանը մեր կայքին տված հարցազրույցում ապացուցել է, որ 2015 թվականին ընդունված նոր Սահմանադրությամբ իրականում Հայաստանի հաջորդ նախագահին պետք է ընտրի ոչ թե Ազգային ժողովը, այլ քաղաքացիները՝ քվեարկությամբ:
Փաստաբանի հարցազրույցը լայն արձագանք է գտել հանրության շրջանում. անտարբեր չեն նաեւ ֆեյսբուքահայերը:
Ստորեւ ձեզ ենք ներկայացնում հարցազրույցի մի քանի արձագանքներ Ֆեյսբուք սոցիալական ցանցից:
Հակոբ Հակոբյան
Սրանք լրիվ այլանդակվել են:
Լրագրողներ, էս ընտրությունների հարցով մի հատ տեղը տեղին խեղդեք մեր էն թափթազա նախագահի թեկնածուին: Այ մարդ, վերջին հաշվով ինքն ա ընտրվում, հո մե՞նք չենք: Գոնե իմանա՝ իրեն ԱԺ-ում են ընտրելու՞, թե պարտավոր են ենթարկվել սահմանադրությանն ու անցկացնել համապետական ընտրություններ: Թե՞ նորից պիտի ասի՝ ես տեղեկություն չունեմ, ես բոլորովին տեղեկություն չունեմ:
Ու՝ ոչ միայն էդ անտեղյակին, այլ բոլոր պատասխանատու իշխանավորներին:
Հարցն այն չի, որ էդ ընտրություններից ակնկալիքներ ունենք, այլ՝ սրանց այլանդակության սահմանները…
Լևոն Բարսեղյան
Հաղորդում հանցագործության մասին
Հերթական նախագահական ընտրությունը չկազմակերպելը, ժամանակացույց չհրապարակելը, տեղամասեր չձեւավորելը, հանձաժողովների կազմերը չհրապարակելը, ընտրողների ցուցակները չհրապարակելն ու հարակից գործողությունները ակնհայտ դիտավորությամբ չկատարելը ԿԸՀ-ի եւ դրա նախագահ Տիգրան Մուկուչյանի կողմից սահմանադրության պահանջների կոպիտ խախտում է, որը առնվազն կարելի է որակել որպես իշխանությունը քաղաքացիներից խլել, յուրացնել, անգործութուն, ինքնիրավչություն եւ այլն։
Ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ եւ էլի ում կվերաբերվի այս հաղորդումը, պատրաստ եմ այս գործով ցուցմունքներ տալ, հետս էլ՝ ավելի քան քսան զիլ փաստաբան եւ իրավաբան ու հարյուր հազարավոր այլ քաղաքացիներ։
Արփի Մախսուդյան
Ամենասարսափելին էն է, որ Արսեն Բաբայանին են դեմ տվել։ Գնացեք նստեք ու նորից կարդացեք Սահմանադրությունը։ Արսենին բան չեմ ասում էս էշ տեքստի համար, քանի որ 1000% վստահ եմ՝ ինքը չի գրել, գրել տվել են, որ տարածի։
Հ.Գ. Եթե Սահմանադրությունը կարդում ու չեք հասկանում, կարդացեք նորից, կարող է ստացվի։
***
Էսօր գոնե լրատվական դաշտը պիտի որ թնդար իշխանության յուրացման հերթական հաջող փորձի մասին տարբեր մեծ ու միջին եւ անշուշտ դավիթ հարությունյանի մեկնաբանություններով, բայց քար լռություն է թե մամուլում եւ թե ընդդիմադիդ դաշտում։
Դերենիկ Մալխասյան
Լուրջ մտածու՞մ եք, թե Ազատիչի ու հանրապետակաների ոտքերին է, թե Սահմանադրության քանի հոդված է խախտվել։ Ասում են՝ զոռը առաջին անգամն է, դրանից հետո արդեն ապրելակերպ է դառնում, իսկ առաջին անգամը շատ վաղուց է եղել։
Արեն Մանուկյան
Ֆանտաստիկ 🙂 Փաստորեն Արմեն Սարգսյանը չի կարա դառնալ նախագահ։ Ահավոր մեծ կիքս է տվել Հրայր Թովմասյանը, ու ըստ սահմանադրության էս անգամ էլ նախագահին պետք է ժողովուրդը ընտրի, ոչ թե ԱԺ-ն։ Նոր ընտրական կարգը ուժի մեջ է մտնում 4-րդ նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից միայն, իսկ մինչև էդ՝ այդ թվում էս նախագահական ընտրությունները պետք ա անցնեն նախորդ ընտրակարգով։ Սերժն էլ Հրայրին արդեն ՍԴ նախագահ էր տանում՝ որպես շնորհակալություն։
Իրականում, արդեն իսկ հակասահմանադրական իրավիճակ է երկրում, որովհետև պետք է նշանակված լիներ նախագահի ընտրության օր, թեկնածուներ գրանցված լինեին…
Հրանուշ Խառատյան
Հանրապետության առաջիկա նախագահը որևէ պարագայում չի՞ կարող ընտրվել ժողովրդի կողմից, թե, այնուամենայնիվ, միայն այդպես կարող է ընտրվել
(Անդրադարձ Վ.Պողոսյանի հետ 17.02.2018-ի «Հանրապետության նախագահը որևէ պարագայում չի կարող ընտրվել ժողովրդի կողմից, իսկ նոր Սահմանադրության հեղինակների սխալ հաշվարկի մասին խոսելը հիմնազուրկ է» հարցազրույցին):
Պարոն Պողոսյանի ողջ հարցազրույցի նպատակը բացատրելն է, որ առաջիկա նախագահը «որևէ պարագայում չի կարող ընտրվել ժողովրդի կողմից», և հարցազրույցի առիթը հանդիսացել է երեկվանից ակտիվորեն արտահայտվող հանրային տարակուսանքներն առ այն, որ ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանին փորձում են նախագահ դարձնել Սահմանադրության դեռևս չգործող 125-րդ հոդվածի առաջին կետով նախատեսվող Ազգային ժողովի քվեարկությամբ: «Ի սկզբանե ասեմ, որ 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ հոդվածը, որը Սահմանադրության 209-րդ հոդված 1-ին համապատասխան ուժի մեջ է մտել 2015 թ. դեկտեմբերի 22-ին, վերացրել է Հանրապետության նախագահի ընտրությունը ընդհանուր և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա և համապետական մակարդակով նման ընտրակարգ սահմանել է միայն Ազգային ժողովի համար», — «ի սկզբանե» հայտարարում է պարոն Վ. Պողոսյանը:
Ահա 2015 թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ հոդվածը.
Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները
Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
Այս հոդվածն արագ, ես կասի հապշտապ ուժի մեջ է մտել 2015 թ. դեկտեմբերի 22-ին, որպեսզի անցկացվեն ներկայիս Ազգային ժողովի ընտրությունները: Այստեղ նախագահի ընտրության մասին խոսք չկա: Չկա նաև նախագահին «ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի» ընտրելու արգելանք: Հետևաբար 7-րդ հոդվածին հղում անելով պարոն Պողոսյանի կատեգորիկ «Ուստի որևէ պարագայում Հանրապետության նախագահ չի կարող ընտրվել ժողովրդի կողմից»-ը, վախենամ, հապճեպ է ասված: Սահմանադրության 7-րդ հոդվածով այդպիսի արգելանք չկա: ՉԸ՛ԿԱ: Այս հոդվածն այլ կետեր չունի: Գուցե Սահմանադրությունը մեկից ավելի՞ 7-րդ հոդված ունի: Ես, համենայն դեպս, ուրիշ 7-րդ հոդված չգտա:
Նախագահի ընտրության կարգը Սահմանադրության այլ՝ 125-րդ և 211-րդ հոդվածներով է սահմանված:
Ահա 125-րդ հոդվածը.
Հոդված 125. Հանրապետության նախագահի ընտրության կարգը
1. Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից:
2. Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:
3. Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
4. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
5. Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:
6. Հանրապետության նախագահի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Ազգային ժողովի կանոնակարգով:
Ահա 211-րդ հոդվածը.
Հոդված 211. Հանրապետության նախագահի ընտրության ժամկետը
Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն:
«Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից» կարգը սահմանող 125-րդ հոդվածը ներկա պահին, այսպես ասած, «արգելափակված» է Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ կետով: Այն կգործի միայն նորընտիր «Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները»: Ուստի նախագահի ընտրության մասին մեկնաբանությունը պարոն Պողոսյանն սկսում է 211-րդ հոդվածից: Նա ասում է. «211-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ»: Հիանալի: Բայց այս՝ 5-րդ գլխի 125-րդ հոդվածում «Հանրապետության նախագահի առաջին ընտրություն» ձևակերպումը չկա, այստեղ, ինչպես տեսնում ենք, 2-րդ կետով գրված է. «Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ»: Հերթական, ոչ թե առաջին: Առաջին ընտրության ժամկետի համար հորինվել է 211-րդ հոդվածը, որը բացարձակապես ոչ մի նոր բան չի ավելացնում 125-րդ հոդվածով սահմանած նախագահի ընտրությունների ժամկետին, բայց այստեղ գործածված է «առաջին ընտրություն» բառերը և հոդվածն ավարտվում է «Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն»: Ոչ նախագահի առաջադրման, ոչ ընտրակարգի, ոչ առաջին և երկրորդ փուլերի մասին ոչ մի խոսք չկա: Միանգամից՝ «երրորդ փուլ»: Խոսք չկա նաև հնարավոր ֆորս մաժորային իրավիճակներից դուրս գալու ելքերի մասին: Ասենք՝ նախագահի թեկնածուն հիվանդանում է, ինչպե՞ս է ընթանալու «առաջին ընտրությունը», եթե 125-րդ հոդվածը դեռևս չի գործում: Ընդ որում ներկա պահին նախագահի ընտրության համար 211-րդը միակ գործող հոդվածն է: Այն սահմանում է բացառապես առաջին ընտրության ժամկետը, հավանաբար որովհետև 125-րդ հոդվածը չի գործում, իսկ նախագահ որևէ կերպ պետք է ընտրել, և միայն նրա ընտրությունից հետո կգործի այդ չարաբաստիկ 125-րդ հոդվածը: Միաժամանակ եթե նոր Սահմանադրությամբ նախագահի «առաջին ընտրության» կարգավորման անհրաժեշտություն առաջացել է, ուրեմն այդ ընտրությունը պետք է տարբեր լինի «հերթական ընտրությունից»: Այլապես ինչու՞ պիտի «առաջին ընտրության» համար հատուկ հոդված ընդունվեր: Բայց 211-րդ հոդվածն էլ ընտրակարգ չի նախատեսում, այնտեղ որևէ ակնարկ չկա, որ «Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից»: Եվ չի ասվում, որ այդ նախագահն ընտրվում է 125-րդ հոդվածի ընտրակարգով: Արդյունքում մնում է մեկ եզրակացություն՝ նոր Սահմանադրությամբ նախագահի առաջին ընտրության կարգը մնում է «2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները», ինչ և նախատեսված է 209-րդ հոդվածի 6-րդ կետով:
125-րդ հոդվածում «առաջին» բառը «տեղավորելու» պարոն Պողոսյանի ջանքերը ինքնանպատակ չեն: Նրան օդի ու ջրի պես անհրաժեշտ է, որպեսզի 125-րդ հոդվածի «Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից» կարգը ամեն գնով տարածվի «առաջին ընտրության» վրա: Միայն թե 125-րդ հոդվածում տարաբախտորեն գրված է՝ «հերթական», ոչ թե «առաջին»: Թե՞ ես հայերենի այբուբենը մոռացել եմ և «հերթականը» կարդում եմ «առաջին»: «Առաջինը» առկա է միայն 211-րդ հոդվածում: Հենց այդ «առաջին ընտրության» համար էլ այս 211-րդ հոդվածը ստեղծվել է և գոյություն ունի: Բայց քանի որ այստեղ խոսքը վերաբերում է բացառապես առաջին ընտրության ժամկետին, պարոն Պողոսյանը «միջամտում» է հոդվածի շարադրանքին և մեզ բացատրում, որ 211-րդ հոդվածը վերաբերում է ոչ թե նախագահի առաջին ընտրությանը, այլ առաջին նախագահի ընտրությանը: Նա ասում է. «… Հոդվածում ներառված «Հանրապետության նախագահի առաջին ընտրություն» արտահայտությունը վերաբերում է այն Հանրապետության նախագահին, ում կարգավիճակը, գործառությունները, լիազորությունները սահմանված են 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրության 5-րդ գլխով… Հանրապետության նախագահի առաջին ընտրությունը ակնհայտորեն վերաբերում է այն նախագահի ընտրությանը, ով պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից յոթ տարի ժամկետով: Այսինքն, 211-րդ հոդվածի կարգավորման առարկան խորհրդարանի կողմից ընտրվող Հանրապետության նախագահի ընտրության կարգն է: Այստեղ, կարծում եմ, որևէ տարընթերցում չի կարող լինել»:
Այսինքն, այն հանգամանքը, որ 211-րդ հոդվածում առկա է «Հանրապետության նախագահի առաջին ընտրություն» բառերը, ըստ պարոն Պողոսյանի պիտի հասկանալ ոչ թե հենց «առաջին ընտրություն», այլ՝ «առաջին նախագահի» ընտրություն, իսկ նա «առաջին» է հենց նրանով, որ ինքն է առաջինը ընտրվելու նոր Սահմանադրությամբ: Իբրև թե հենց «առաջին նախագահի ընտրություն» բառերի համար էլ Սահմանադրություն է ներմուծվել 211-րդ հոդվածը, և այն չպետք է տարբեր լինի «հերթական նախագահի ընտրություններից»: Նա, իհարկե, բացատրություն չունի, թե ինչու չի գրվել հենց այն, ինչ նկատի են ունեցել գրողները՝ «առաջին նախագահի ընտրություն», և գրել են ուրիշ բան՝ «նախագահի առաջին ընտրություն»:
Որքան էլ ուզում է պարոն Պողոսյանը, որ մենք չտեսնենք «նախագահի առաջին ընտրություն»-ը, որ այդ «առաջին ընտրությունը» ոչնչով չտարբերվի «նախագահի ընթացիկ ընտրություններից», բայց այն կա և նույնիսկ շատ ցայտուն: «Նախագահի առաջին ընտրությունում», հարգարժան պարոն Պողոսյան, այսինքն՝ 211-րդ հոդվածում չկա «խորհրդարանի կողմից ընտրվող Հանրապետության նախագահ» ձևակերպումը, այդ հոդվածում չկա նաև «Հանրապետության նախագահի ընտրության կարգ»: Դրանք մնացել են առայժմ չգործող 125-րդ հոդվածում: 211-րդ հոդվածում «առաջին» բառը ոչ թե նախագահին է վերաբերում, ոչ թե «ընտրության կարգին» է վերաբերում, այլ բացառապես նոր Սահմանադրությամբ նախագահի առաջին ընտրության ժամկետին: Պարոն Պողոսյանն իրավացիորեն ասում է, որ «Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է…» ձևակերպման մեջ որևէ տարընթերցում չկա, և վատ է, որ հենց ինքն է տարընթերցման անհաջող փորձ անում՝ այն կապելով «խորհրդարանի կողմից ընտրվող Հանրապետության նախագահի ընտրության կարգին»:
Այսպես թե այնպես, ինչ բացատրություն փորձի տալ պարոն Պողոսյանը, Սահմանադրության 211-րդ հոդվածն ինքը վերնագրված է «Հանրապետության նախագահի ընտրության ժամկետը», եթե այն նկատի ունենար առաջին նախագահին, այդպես էլ կվերնագրվեր՝ «Հանրապետության առաջին նախագահի ընտրության ժամկետը»: Եվ հոդվածն էլ կարգավորում է ոչ թե «առաջին նախագահ» հասկացությունը, այլ բացառապես «առաջին ընտրության» ժամկետը, բացառապես ընտրության ժամկետին է վերաբերում և կապ չունի ընտրության կարգի հետ: Դրանում խոսք չկա 125-րդ հոդվածով սահմանված ընտրակարգի այլ դրույթների մասին, այլապես գրված կլիներ «Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն Ազգային ժողովի կողմից անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ…»: Այնտեղ բացակայում է «Ազգային ժողովի կողմից» բառերը: Պատահակա՞ն է բացակայում: Թե՞ առաջին ընտրությունը ընթացիկ ընտրություններից տարբերելու համար: Ոնց պտտվում ենք, այն միայն ու միայն ընտրության ժամանակին է վերաբերում: Առավել ևս դրանում ոչ մի խոսք չկա այն մասին, որ «Հանրապետության նախագահի առաջին ընտրությունը» արգելված է անցկացնել «ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի»:
Չկա, հարգարժան պարոն Պողոսյան, 211-րդ հոդվածում չկա «խորհրդարանի կողմից ընտրվող Հանրապետության նախագահ» ձևակերպումը, այդ հոդվածում չկա նաև «Հանրապետության նախագահի ընտրության կարգ»: Դրանք մնացել են առայժմ չգործող 125-րդ հոդվածում: Առանց որևէ տարընթերցման 211-րդ հոդվածում «առաջին» բառը ոչ թե նախագահին է վերաբերում, ոչ թե «ընտրության կարգին» է վերաբերում, այլ բացառապես նոր Սահմանադրությամբ նախագահի առաջին ընտրության ժամկետին: Պարոն Պողոսյանն իրավացիորեն հաստատում է, որ «Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է…» ձևակերպման մեջ որևէ տարընթերցում չկա, բայց, ցավոք, հենց ինքն է տարընթերցման անհաջող փորձ անում՝ այն կապելով «խորհրդարանի կողմից ընտրվող Հանրապետության նախագահի ընտրության կարգին»:
Այսպես թե այնպես, ինչ բացատրություն ուզում է տա պարոն Պողոսյանը, Սահմանադրության 211-րդ հոդվածին, հոդվածն ինքը վերնագրված է «Հանրապետության նախագահի ընտրության ժամկետը», կարգավորում է բացառապես ընտրության ժամկետը, բացառապես ընտրության ժամկետին է վերաբերում և կապ չունի ընտրության կարգի հետ: Դրանում խոսք չկա 125-րդ հոդվածով սահմանված ընտրակարգի այլ դրույթների մասին, այլապես գրված կլիներ «Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն Ազգային ժողովի կողմից անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ…»: Ոնց պտտվում ենք, այն միայն ու միայն ընտրության ժամկետին է վերաբերում: Առավել ևս դրանում ոչ մի խոսք չկա այն մասին, որ «Հանրապետության նախագահի առաջին ընտրությունը» արգելված է անց կացնել «ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի»:
Մյուս կողմից, նախագահի առաջին ընտրությունը 211-րդ հոդվածով անցկացնելու դեպքում կա նախագահի ընտրությունների ընթացքի ճգնաժամի հնարավորություն: Այդ 211-րդ հոդվածի անհրաժեշտությունն առաջացել և «առաջին ընտրություն» հավելումն արվել է, ըստ երևույթին, այն բանից հետո, երբ սահմանագիրները որոշել են ժամանակավորապես «արգելափակել» Սահմանադրության 5-րդ գլուխը: Եվ շատ անհաջող է ավելացվել: Կամ՝ շատ անհաջող է «արգելափակվել» 5-րդ հոդվածը: Ենթադրենք «առաջին ընտրությամբ» առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ընտրությունների ընթացքում առաջացել է մրցակցություն, ձայները բաշխվել են այնպես, որ երկրորդ, նույնիսկ երրորդ փուլի քվեարկության անհրաժեշտություն է առաջացել: Ինչպե՞ս պիտի լուծվի հարցը, եթե 5-րդ գլխի 125-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով կարգավորվող այդ լուծումներն «արգելափակված» են: Քանի՞ ձայնի դեպքում է «միակն» անցնելու, ձայների տրոհման դեպքում ինչպե՞ս է լուծվելու երկրորդ փուլի հարցը՝ մինչև հասնի 211-հոդվածով «առավել ձայներ» ստանալու երրորդ փուլին: Ինչ է, ասելու են արգելափակումը հանենք և Սահմանադրությունը կրկի՞ն դնենք համաժողովրդական քվեարկության: Թե՞ 5-րդ հոդվածն «արգելափակելիս» սահմանագիրները գիտեին, որ առաջադրվելու է միայն մեկ թեկնածու, անմիջապես ընտրվելու է, 5-րդ գլխի 4-րդ և 5-րդ կետերը գործարկելու անհրաժեշություն չի առաջանալու: Դարձյալ մնում ենք միակ հնարավոր լուծմանը՝ նախագահի առաջին ընտրությունը հնարավոր է բացառապես «2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթներով», -համաժողովրդական քվեարկությամբ:
Հիմա անիմաստ է լրացուցիչ սպառվել «Հին Հռոմի ժամանակներից գործող lex specialis derogat legi generali կանոններ»-ով հանրության աչքերը փակելու անպտուղ փորձերի վրա: Պարոն Պողոսյանն ասում է. «Մեր պարագայում 211-րդ հոդվածը lex specialis է 209 հոդվածի 6-րդ մասի նկատմամբ և սահմանում է, որ Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված ընտրության կարգը գործում է նոր ընտրվելիք Հանրապետության նախագահի համար»: Սա պարզապես նշանակում է, որ 209 հոդվածի 6-րդ մասի արգելանքը Սահմանադրության 125-րդ հոդվածի վերաբերյալ անիմաստ է, քանի որ կա 211-րդ հոդվածը: Այդ դեպքում 125-րդ հոդվածի ի՞նչն է արգելափակված մինչև նոր նախագահի կողմից պաշտոնի ստանձման օրը, կամ՝ ի՞նչ իմաստ ուներ այն 125-րդ հոդվածի գործարկումը հետաձգել և Սահմանադրությունը ծանրաբեռնել 211-րդ հոդվածով:
Իսկ թե ինչու՞ է հետաձգվել 5-րդ գլխի գործարկումը՝ հեռուն գնացող անուրախ ենթադրությունների խնդիր է: Կռահել կարելի է, բա ո՞ր հանկարծ չգտնվեր/չհամաձայներ «միակ և հնազանդ թեկնածուն»:
‘