‘Իրակլի Գարիբաշվիլին դարձավ Վրաստանի նոր վարչապետը’

761

Երկար բանավեճերից հետո Վրաստանի խորհրդարանը երեկ հաստատեց երկրի նոր կառավարության կազմը: Իհարկե՝ այն նոր կարելի է անվանել պայմանականորեն. բոլոր նախարարները, փաստորեն, պահպանել են իրենց տեղերը, և փոխվել է միայն կառավարության ղեկավարը: Ինչպես և նախապես հայտնի էր՝ երկրի վարչապետի պաշտոնն ստանձնել է Բիձինա Իվանիշվիլիի առաջադրած թեկանծուն՝ Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Գարիբաշվիլին: Օրենսդիր մարմնի կողմից կառավարության կազմը հաստատվելուց երկու ժամ անց այն հաստատել է նաև նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Վրաստանի խորհրդարանի 150 անդամներից Գարիբաշվիլիի թեկնածությանը կողմ են քվեարկել 93-ը, դեմ՝ 19-ը, հիմնականում՝ նախկին նախագահ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորները: Գարիբաշվիլին պատասխանել է ընդդիմախոսների բոլոր հարցերին, ապա հարձակման անցնելով՝ նրանց մեղադրել է բիզնեսը ճնշելու և պետական պարտքը մեծացնելու համար, ու հավաստիացրել է, որ այժմ Վրաստանն ինքը կլուծի իր բոլոր խնդիրները՝ առանց արտասահմանյան ֆինանսական  պաշարներին դիմելու: Ընդ որում՝ նա նաև հավաստիացրել է իր քաղաքական ընդդիմախոսներին, որ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու՝ Սաակաշվիլիի կառավարության ընտրած կուրսն անփոփոխ է մնալու, քանի որ «այդպես է ցանկանում վրաց ժողովուրդը»:

Իրակլի Գարիբաշվիլին 31 տարեկան է:  Խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո նա, փաստորեն, դարձավ Վրաստանի ամենաազդեցիկ քաղաքական ֆիգուրը, քանի որ ըստ նոր սահմանադրության, որն ուժի մեջ է մտել նոյեմբերի 17-ից, նախագահի լիազորությունների մի մասն անցել է վարչապետին:

Գարիբաշվիլիի նախկին՝ ՆԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 28-ամյա Ալեքսանդր Չիկաիձեն, որը Վրաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ ՆԳ նախարարն է, ինչպես նաև՝ ամենաերիտասարդը նոր կառավարության կազմում, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Մինսկի զուգահեռ խումբը կհավաքվի Ստրասբուրգում’
Հաջորդ հոդվածը‘Դավութօղլուն չի փարատում իր Երևան կատարվելիք այցի հետ կապված ինտրիգը’