‘Իրանը խլացնում է «Ազատության» և «Ամերիկայի ձայնի» ծրագրերը’

1121

Միացյալ Նահանգների Հեռարձակողների կառավարիչների խորհուրդը հրապարակել է պաշտոնական հայտարարություն, ըստ որի` Իրանը խլացնում է արտասահմանյան հեռուստառադիոհաղորդումները, նպատակ ունենալով կասեցնել ազգային տարադրամ ռիալի արժեզրկման հետևանքով երկրում ծավալված բողոքի ցույցերի և զանգվածային ձերբակալությունների մասին տեղեկատվության տարածումը։

Ծրագրերի խլացումը երեկ է սկսվել և խափանել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Ֆարդա» իրանական ծառայության և «Ամերիկայի ձայն»-ի իրանական ծառայության ծրագրերի հեռարձակումները։

Հեռարձակողների կառավարիչների խորհուրդը նշում է, որ Eutelsat ցանցի արբանյակների աշխատանքի խլացումը խափանել է նաև «Ազատություն» ռադիոկայանի վրացական, հայկական և բալկանյան ծրագրերի հեռարձակումները։

Հայտարարությունում ասվում է, որ BBC և Al-Jazeera կայանները պարբերաբար պաշտոնական Թեհրանին դատապարտել են «Արաբական գարնան», ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների թեմաներով հաղորդումների հեռարձակումը խափանելու համար։

ԱՄՆ-ի Հեռարձակողների կառավարիչների խորհուրդը (Broadcasting Board of Governors — BBG) վերահսկում է ամերիկյան կառավարության հովանավորությամբ գործող արտասահմանյան ոչ ռազմական հեռարձակողների, այդ թվում «Ամերիկայի ձայն» և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանների աշխատանքը։

Նախորդ հոդվածը‘Ոստիկանի էրոտիկ լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել Տեխասում’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի կառավարությունը Սիրիայում ռազմական գործողություններ ծավալելու մեկամյա մանդատ է ստացել ‘