‘Իրանը կվերացնի մուտքի վիզաները Եգիպտոսի զբոսաշրջիկների և գործարարների համար’

820

Թեհրանը կվերացնի մուտքի վիզաները Եգիպտոսից ժամանող զբոսաշրջիկների և ձեռներեցների համար, «Աշ-Շարկ-Ալ-Աուսաթ» լրատվական գործակալությանը տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին, փոխանցում է РИА Новости-ն: «Իրան մուտք գործելու համար կվերացվեն վիզաները Եգիպտոսի զբոսաշրջիկների և գործարարների համար: Եգիպտական հեղափոխությունից հետո երկու երկրների փոխհարաբերությունները բարձր մակարդակի են հասել, և ամեն օր մենք մի քայլ առաջ ենք գնում»,- ասել է Սալեհին՝ նշելով, որ վիզաների վերացման մասին հայտարարությունը կարվի հինգշաբթի՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովի վերջին օրը:

Իսլամական համագործակցության կազմակերպության պետությունների ու կառավարությունների ղեկավարների 12-րդ գագաթնաժողովը բացվել է չորեքշաբթի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Դրան մասնակցում են 56 երկրներ, որոնցից 26-ը ներկայացնում են պետության ղեկավարները: Գագաթնաժողովի ընթացքում լրագրողների ուշադրության կենտրոնում է Մահմուդ Ահմադինեժադը, ով  Իրանի  առաջին նախագահն է, որ ավելի քան 30 տարի առաջ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո այցելել է Եգիպտոս: Կահիրեի և Թեհրանի հարաբերությունների ջերմացումը հնարավոր եղավ միայն եգիպտական հեղափոխությունից հետո, երբ տապալվեց Հոսնի Մուբարաքի վարչակարգը: Անցյալ տարվա օգոստոսին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին այց կատարեց Իրան, որտեղ էլ որոշում կայացվեց վերսկսել դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունը:

 

Նախորդ հոդվածը‘Զինվորը փորձել է ինքնասպան լինել՝ չդիմանալով ստորացուցիչ վերաբերմունքին’
Հաջորդ հոդվածը‘Աբդուլահ Գյուլ. Իսրայելի բնակեցման քաղաքականությունը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը’