‘Իրանը Հայաստանին կոչ է անում Մեղրիի ՀԷԿ-ի և Իրան-Հայաստան 2-րդ էլեկտրագծերի շինարարության հարցում անցնել գործնական քայլերի’

991

Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Հայաստանի  էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:

«Հուսով եմ, որ Իրանի և Հայաստանի միջև եղած բարեկամության ներքո կկարողանանք ավելի զարգացնել մեր կապերն ու լիարժեք օգտագործել ձեր նշած ներուժը: Այսօր կարևոր է հնարավորինս շուտ գործնական փուլի անցնել երկու խոշոր ծրագրերի ` Մեղրիի ՀԷԿ-ի և Երրորդ բարձրավոլտ գծի շինարարության հարցում»,- ասել է Չիթչիանը:

Ի դեպ, մինչ Երևան ժամանելը պատվիրակության փորձագիտական խումբը, հայ մասնագետների հետ, այցելել էր Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ` բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով: Դեռևս 2010 թվականին հայկական և իրանական կողմերը, Մեղրի և Ղարաչիլար ՀԷԿ-երի շինարարության  շրջանակներում, պայմանավորվել էին հատուկ ծրագիր իրականացնել` Արաքս գետի  ջրերը աղտոտվածությունից պաշտպանելու նպատակով: Այսօր արդեն Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ներդրվել է ժամանակակից տեխնոլոգիա` ջրի փակ շրջանառման համակարգ, որը բացառում է կեղտաջրերի հոսքը Արաքս գետ: Մասնագետները փաստեցին, որ ներդրված համակարգը ծառայում է նպատակին:

Հայաստան այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց նաև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ: Ծրագրված է նաև պատվիրակության հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ:

Նախորդ հոդվածը‘Ռիգայում սուպերմարկետի փլուզման արդյունքում զոհերի թիվն անցնում է 20-ից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Քրիստինե Խանումյան. Բոլորին «քցողը» հենարաններին էլ «կքցի» ‘