‘Իրանը հրաժարվել է սառեցնել նավթի արդյունահանումը’

1195

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ անտրամաբանական են համարում նավթի արդյունահանումը կրճատելը և մտադիր չեն միանալու համապատասխան պայմանավորվածությանը, որ երեքշաբթի Դոհայում ձեռք են բերել  Ռուսաստանը և OPEC-ի երեք երկրներ:

OPEC-ի հետ փոխգործակցության համար պատասխանատու իրանցի պաշտոնյաների խոսքով՝ շատ երկրներ մեծացրել են նավթի արդյունահանումն այն ժամանակ, երբ Թեհրանը Արևմուտքի պատժամիջոցների տակ էր: Այժմ, երբ այդ պատժամիջոցները հանվել են, արդեն Իրանն ինքն է մտադիր մեծացնելու նավթարդյունահանությունը:

Թեհրանի որոշումն անհնար է դարձնում Դոհայում ստորագրված պայմանագրի իրականացումը, քանի որ պայմանագրում որպես հիմնական պայմաններից մեկը նշվում է OPEC-ի բոլոր անդամ-երկրների, այդ թվում՝ Իրանի համաձայնությունը: Չի բացառվում, որ բանակցություններն այս ուղղությամբ շարունակվեն:

Այս տարվա հունվար ամսվա մակարդակի վրա նավթի արդյունահանումը սառեցնելու վերաբերյալ համաձայնության են եկել Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը և Վենեսուելան: Այդ երկրները միասին արդյունահանում են նավթի համաշխարհային պաշարների առնվազն մեկ քառորդը:

Համաձայնագրի նպատակն է համարվում նավթի կայուն արժեզրկման կասեցումը: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Սերժ Սարգսյանի միջգալակտիկական թռիչքները’
Հաջորդ հոդվածը‘Եկատերինբուրգում մեղադրանք են ներկայացրել ԻՊ-ի ենթադրյալ անդամներին’