Խաղաղության լեզուն այսուհետև Անդրկովկասում պետք է գերակշռի լարվածության և հակամարտությունների լեզվին։
Նման կարծիք է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ընթացքում։
«Լեռնային Ղարաբաղի շրջանում ադրբեջանական ինքնիշխանության վերականգնումը անհրաժեշտ է դարձնում նոր էջ բացել տարածաշրջանային համագործակցության մեջ՝ հանուն խաղաղության և տնտեսկան զարգացման Կովկասում։ Մենք կարծում ենք, որ այսուհետև տարածաշրջանում խաղաղության խոսքը պետք է գերակշռություն ձեռք բերի հակամարտությունների և լարվածության խոսքի նկատմամբ»,- X սոցցանցում իրանական ԱԳՆ-ի պաշտոնական էջում մեջբերվում է Աբդոլլահիանի խոսքը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ Իրանը ձգտում է ընդլայնել կապերն Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում։
Իր կողմից՝ Խալաֆովը նշել է Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների էական առաջընթացը, նաև շեշտել է, որ Ղարաբաղում հայ բնակչության ներկայացուցիչների իրավունքները և ազատությունները գերակա են Ադրբեջանի իշխանությունների համար։