‘
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն ամենաշատը երկու շաբաթից: Այս մասին կիրակի օրը ճապոնական «Կիոդո» լրատվական գործակալությանը հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար, միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Աբաս Արակչին:
Արակչիի խոսքով՝ «բանակցության մասնակիցների միջև դեռևս կան չլուծված հարցեր, և բանակցային գործընթացը կվերսկսվի ամենաշատը երկու շաբաթից»:
Իրանի և «վեցյակի» երկրների (ՄԱԿ- ԱԽ հինգ մշտական անդամների և Գերմանիայի) միջև համատեղ ծրագիրն ուժի մեջ է մտել հունվարի 20-ին, 2013 թ. նոյեմբերի 24-ին Ժնևում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների հիման վրա: Այդ փաստաթղթի համաձայն՝ Թեհրանը պարտավորվել է չհարստացնել ուրանը 5 %-ից ավելի և էապես նվազեցնել սեփական միջուկային ծրագրի զարգացման տեմպերը՝ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներին հնարավորություն տալով տեսչություն իրականացնել երկրի միջուկային հիմնական օբյեկտներում: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘