‘Իրանի ԱԳՆ. ԻՊ-ի դեմ միջազգային դաշինքի օրինակարգությունը կասկածի տեղիք է տալիս’

610

Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքի գործունեության  իրավական հիմքերը կասկածի տեղիք են տալիս: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիզե Աֆհամը: «Միջազգային իրավունքի տեսակետից՝ դաշինքի լեգիտիմությունը մեծ հարցականի տակ է,- Աֆհամի խոսքն է մեջբերում «Թասնիմ» գործակալությունը:- Դաշինքը ձևավորվել է առանց ՄԱԿ-ի համապատասխան մեխանիզմների»:

Ուելսում սեպտեմբերի 5-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դիմեց Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Թուրքիայի և Ֆրանսիայի ԱԳՆ և ՊՆ ղեկավարներին՝ կոչ անելով միանալ ԻՊ-ի դեմ պայքարին: Սեպտեմբերի 8-ին պետքարտուղարությունը հայտարարեց, որ իսլամիստներին դիմակայելու միջազգային ջանքերին միանալու իրենց պատրաստակամության մասին են արդեն հայտնել ավելի քան 40 երկրներ:

Մինչդեռ Իրաքում բոլորը չէ, որ ուրախ են արտասահմանյան պետությունների օգնության առիթով: Այսպես, շիական ազդեցիկ քարոզիչ Մուքթադա աս-Սադրը երեքշաբթի հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» ստեղծել է Վաշինգտոնը: Իմամն իր կողմնակիցներին կոչ է արել նահանջել, եթե ամերիկյան զորքերը մուտք գործեն երկիր, ինչպես նաև՝ ցույցերի դուրս գալ՝ ընդդեմ արտասահմանյան միջամտության: Աս-Սադրին պաշտպանում են շիական միլիցիայի հազարավոր մարտիկներ, ովքեր պայքարում են ԻՊ-ի դեմ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Օբամա. Էբոլայի համաճարակը սպառնում է գլոբալ անվտանգությանը’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի վարչապետ. Անկախ Շոտլանդիան ԵՄ-ի կազմից դուրս կմնա’