Իրանի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի ապամիջուկայնացման ուղղությամբ

225

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը ՄԱԿ ԱԽ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել Իսրայելի ապամիջուկայնացման ուղղությամբ։ Այդ կերպ իսլամական հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն արձագանքել է Երուսաղեմի և հրեական պետության ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուի այն հայտարարությանը, որը հնարավոր է համարում Գազայի հատվածում միջուկային զենքի կիրառումը։

«Սիոնիստական նախարարի հայտարարությունները միջուկային զենք կիրառելու մասին ցույց են տալիս այդ կազմավորման (Իսրայելի) անհաջողությունը դիմակայության մեջ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն ապարտեիդի քաղաքականություն իրականացնող բարբարոսական պետության ապառազմականացման ուղղությամբ»,- X սոցցանցում գրել է Աբդոլահիյանը։

Կիրակի օրը, պատասխանելով իսրայելական ռադիոյի հաղորդավարի հարցին, թե արդյո՞ք պետք է միջուկային ռումբ նետել Գազայի հատվածի վրա, Էլիյահուն հայտարարել է, որ «դա հնարավորություններից մեկն է»։ Ավելի ուշ նախարարը նշել է, որ «յուրաքանչյուր բանական մարդու համար պարզ է, որ ատոմային ռումբի մասին ասվածը այլաբանություն է», բայց Իսրայելին «որոշակիորեն անհրաժեշտ է հզոր և անհամաչափ հարված հասցնել ահաբեկչությանը»։

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն Էլիյահուին արգելել է մասնակցել կառավարության նիստերին և հերքել է Գազայի հատվածում միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին հայտարարությունը։

Նախորդ հոդվածըՌադայում հայտարարել են, որ Զելենսկին հանձնարարել է պատրաստվել նախագահական ընտրությունների
Հաջորդ հոդվածըԱվարտվել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատաքննությունը. «Ազատություն»