Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆը երեքշաբթի կանչվել է իսլամական հանրապետության ԱԳՆ՝ Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության սադրիչ հայտարարությունների կապակցությամբ, չորեքշաբթի հաղորդել է IRNA գործակալությունը։
Նշվում է, որ Իրանի ԱԳՆ դեպարտամենտներից մեկի տնօրենը շեշտել է, որ իսլամական հանրապետությունը «մերժում և վճռականորեն դատապարտում է բրիտանական ԱԳՆ-ի միջամտությունը Իրանի ներքին գործերին»։ Ըստ նրա՝ Լոնդոնը երկրում տեղի ունեցող իրադարձությունների սադրիչ մեկնաբանություններ է անում։
Հոկտեմբերի 3-ին Լոնդոնում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մեհդի Հոսեյն Մատինը հրավիրվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ Իրանում բողոքի ցույցերին իրանական ոստիկանության արձագանքի կապակցությամբ։
Իրանում բողոքի ցույցեր են սկսվել սեպտեմբերի 17-ին, 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Պաշտոնական վարկածով՝ աղջկան բարքերի ոստիկանությունը ձերբակալել էր գլխաշորը սխալ ձևով կրելու համար։ Հարցաքննության ընթացքում նա սրտի նոպա է ունեցել և մահացել։
Սակայն սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, որ ոստիկանները ծեծել են Ամինիին։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ հանձնարարել է մանրակրկիտ հետաքննել այդ միջադեպը։
Փոխանցում է tass.ru-ն։