‘Իրանի դեսպանը խնդրել է օգնել Հայաստանում պատիժը կրող 9 իրանցիների արտահանձնման հարցում’

645

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Դեսպանը նախարարին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի ողջույններն ու բարեմաղթանքները: Անդրադառնալով ՀՀ-ում պատիժ կրող իրանցի դատապարտյալներին, Մոհամմադ Ռեյիսին շնորհակալություն է հայտնել դատապարտյալների փոխանցման հարցում Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշման համար: Նախարարից դեսպանը խնդրել է հնարավորության դեպքում իրականացնել այս պահին Հայաստանում պատիժ կրող Իրանի 9 քաղաքացու արտահանձնումը: Նա հույս է հայտնել, որ մեր երկրի կողմից պարբերաբար ցուցաբերվող բարի կամքի դրսևորումն իրանցի դատապարտյալներին հայրենիք վերադարձնելու գործում շարունակական կլինի:

Կողմերն անդրադարձել են նաև «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» կնքված համաձայնագրին: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դեռ 2006 թվականից գործում են Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հանձնման մասին» համաձայնագրերը:

Նախորդ հոդվածը‘Գևորգ Ղազարյանը տեղափոխվում է հունական «Օլիմպիակոս»’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Կառավարությունը մատուցել է առեղծված (տեսանյութ)’