‘Իրանի դեսպան. Սյունիքի և իրանական նահանգի միջև համաձայնագիր չի ստորագրվել’

872

Սյունիքի մարզի և Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի միջև դեռևս որևէ պայմանգիր չի ստորագրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Նա նշեց, որ այս հարցը պետք է քննարկվի, իսկ համաձայնագիր ստորագրելու դեպքում դա պետք է հաստատեն երկու երկրների խորհրդարանները:

«Այնպես չէ, որ երկու կողմ թաքուն փաստաթուղթ ստորագրեն, ու դրանով վերջանա ամեն ինչ: Եթե պետք է ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, չի նշանակում, որ միայն մեր շահերն ենք հետապնդելու, ես միշտ ասել եմ, որ միշտ պետք է պահպանվեն երկու կողմերի շահերը»,- նշեց դեսպանը:

Պատասխանելով հարցին, թե ում կողմից է եղել նման համագործակցության առաջարկը, դեսպանն ասաց, թե Իրանում արոտավայրեր շատ ունեն, սակայն մեծ հավանականությամբ՝ դա կարող է առաջարկված լինել իրանական կողմից, բայց «այդ առաջարկը հիմնվել է նրա վրա, որ Հայաստանում անասնագլխաքանակը մեծացվի»:

«Ես մարզպետներից մեկի հետ հանդիպման ժամանակ խորհուրդ եմ տվել ավելի զարգացնել անասնապահությունը: Հայաստանը գյուղատնտեսական երկիր է: Անասնապահության համար ունի լայն ներուժ ու հնարավորություններ: Ցավոք, անասունների թիվը բավարար չէ: Իմ կատարած ուսումնասիրություններով՝ անասունների գլխաքանակը կարելի է հասցնել 7 միլիոնի»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ Սյունիքի արոտավայրերը վարձակալելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են:

Նախորդ հոդվածը‘Խոտորնակին՝ խոտորնակ’
Հաջորդ հոդվածը‘Արման Գրիգորյան. ամեն ինչ գրաքննվում եւ ծառայեցվում է իշխանություններին ‘