‘
Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Իրան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիին։
Իրանցի նախարարը Մարտիրոսյանին ասել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի սարքավորումների, փոստային ծառայությունների ոլորտում իրանական ընկերությունները պատրաստ են համագործակցել հայկական ընկերությունների հետ:
«Առաջին իսկ առիթի դեպքում իրանական ընկերությունները պատրաստ են հյուրընկալվել Հայաստանում և քննարկել երկկողմ համագործակցության խնդիրները»,- ասել է Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին:
Իր հերթին Վահան Մարտիրոսյանն իրանցի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տարածաշրջանային «Դատա կենտրոն» (datacenter) հիմնելու ծրագիրը եւ ընդգծել է, որ այն կարող է շահավետ լինել ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար, ուստի կենտրոնի կառուցման գործում ցանկալի է իրանական մասնավոր կամ պետական ընկերության հետ համագործակցությունը։ Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին նշել է, որ ծրագրի իրագործմանը կարող են ներգրավվել իրանական մասնավոր ընկերություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև ինտերնետ կապի փոխանակման, դրանց ծավալները մեծացնելու, տեղեկատվական տեխնոլոգիաների և փոստային ծառայությունների, կիբերանվտանգության բնագավառներում համագործակցության նոր հեռանկարները և հնարավորությունները։
Ուշագրավ է, որ երկու երկրների նախարարները չեն անդրադարձել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հարցին: Հարց, որը Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ նախընտրական ծրագրերի առանքային կետերից էր 2008-ից ի վեր: Ամենայն հավանականությամբ, կողմերը վերջնականապես հաշտվել են մտքի հետ, որ «դարի ծրագիրը» անիրագործելի է:
‘