‘Իրանի հատուկ ծառայությունները տասնյակ լրտեսների են ձերբակալել’

2325

Իրանի տեղեկատվության նախարարության (երկրի հատուկ ծառայությունների) ղեկավար Մահմուդ Ալավիի հաղորդման համաձայն՝ հատուկ ծառայությունները տասնյակ լրտեսների են ձերբակալել:

«Բազմիցս ձեզ ասել եմ, որ հայտնեք կրկնակի քաղաքացիություն ունեցողների մասին: Հակահետախուզությունը հաջողել է, մեզ հաջողվել է նույնականացնել և ձերբակալել տասնյակ լրտեսների ամենատարբեր կառույցներում»,- Ալավիի խոսքն է մեջբերում ISNA գործակալությունը: Ալավին, սակայն, չի մանրամասնել, թե երբ և որքան ժամանակում է դա հաջողվել անել:

Ալավին նաև տեղեկացրել է, որ անցյալ տարվա ընթացքում հատուկ ծառայություններին հաջողվել է կասեցնել 230 ահաբեկչական կառույցների գործունեությունը, իսկ այս տարի՝ կանխել այնպիսի  վայրերում «նենգ մտադրությունների» իրականացումը, ինչպիսիք են համալսարանները և մետրոն:

Բացի այդ, նախարարի խոսքով՝ մոտավորապես 32 ահաբեկչական խմբավորումներ մտադիր էին Իրանում այնպիսի իրավիճակ ստեղծել, ինչպես Սիրիայում է: «Նրանք ուզում էին, սպանելով սունի հինգ աստվածաբանների, պատերազմ սադրել սունիների և շիաների միջև»,- ասել է Ալավին՝ շեշտելով, որ այդ պլանները նույնպես հաջողվել է կասեցնել: 

Իսկ այս ամիս  Իրանի հարավային մասում հաջողվել է ձերբակալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի անդամի, մեկ ամիս դրանից առաջ էլ՝ հարված հասցնել Թեհրանում ահաբեկչական մի խմբավորման, որը կապեր ուներ ԻՊ-ի հետ:

Փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդոն 30 միլիոն եվրոյով կգնի «Վալյադոլիդը»’
Հաջորդ հոդվածը‘Հաագայում ձերբակալվել է քաղաքական գործչի հասցեին սպանության սպառնալիք հնչեցրած անձը ‘