‘Իրանում ձերբակալել են ընդդիմադիր առաջնորդի դուստրերին’

754

Իրանի իշխանությունները ձերբակալել են  ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Միր-Հոսեյն Մուսավիի դուստրերին, այսօր հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ընդդիմադիր Kaleme կայքին: Ի դեպ, Մուսավին և իր կինը 2011 թվականից տնային կալանքի տակ են:

Նարգես և Զահրա քույրերը ձերբակալվել են իրենց տանը: Թե ուր են նրանց տարել իրավապահները՝ անհայտ է: Մուսավին ընդամենը երեք դուստր ունի: 2013 թ. հունվարին նրանք հանդես էին եկել հայտարարությամբ, որում գանգատվել էին, թե իշխանությունները երկար ժամանակ է՝ իրենց արգելում են շփվել ծնողների հետ:

Միր-Հոսեյն Մուսավին Իրանի վարչապետն է եղել 1980-ական թթ.: 2009 թ. նա որոշեց վերադառնալ քաղաքականություն և նախագահական ընտրություններում հանդես եկավ որպես ընդդիմադիր թեկնածուներից մեկը: Այնուհետև նա ակտիվորեն մասնակցում էր փողոցային ցույցերին՝ ընդդեմ ընտրակեղծիքների, որոնց արդյունքում հաղթել էր Մահմուդ Ահմադինեժադը:

2011 թ. «արաբական գարնան» ալիքի վրա Մուսավին և մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ Մեհդի Քարուբին, փորձեցին նորից զանգվածային ցույցեր կազմակերպել Իրանում, և հենց այդ պատճառով ենթարկվեցին «տնային կալանքի»: Ձևականորեն նրանք այդպես էլ չձերբակալվեցին և չդատապարտվեցին:

 2013 թ. հունիսին Իրանում նախատեսված են նախագահական հերթական ընտրություններ: Ընդդիմությանն արդեն մեղադրանք է ներկայացվել, թե նա մտադիր է նորից խռովություն բարձրացնել, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ձեր ուզածն ընդամենը «մե փշուր» պաշտոն ստանա՞լն է կամ «մե բուռ» փո՞ղը’
Հաջորդ հոդվածը‘Սկանդալային մարզիչն անվայել արարքի համար հեռացվել է դաշտից. Տեսանյութ’