Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրում ամենահանրահայտ դերասանուհիներից մեկին՝ այն բանից հետո, երբ նա աջակցություն է հայտնել ցուցարարներին։ Նրան երկրում ծավալված բողոքի ցույցերի վերաբերյալ «կեղծիք տարածելու» մեղադրանքներ են ներկայացվել։
Դերասանուհի Տարանե Ալիդոստին բացահայտորեն քննադատել է անկարգությունները ճնշելու՝ իրանական կառավարության փորձերը, իսկ նոյեմբերին «Ինստագրամում» հրապարակել է իր լուսանկարն առանց հիջաբի՝ ի համերաշխություն ցուցարարների։ Անցյալ շաբաթ էլ նա սոցցանցում գրառում է կատարել, որում դատապարտել է հակակառավարական ցույցերի մասնակցի մահապատիժը։ Նա քննադատել է միջազգային կազմակերպություններին, որ նրանք չեն խանգարել Մոհսեն Շեքարիի մահապատժի իրականացմանը․ դեկտեմբերի 8-ին նրան կախաղան են բարձրացրել՝ մեղադրելով կառավարամետ կիսառազմականացված Բասիջ խմբավորման անդամի վրա հարձակվելու համար։
«Նրա անունը Մոհսեն Շեքարի էր։ Յուրաքանչյուր միջազգային կազմակերպություն, որը հետևում է այդ արյունահեղությանը և ոչինչ չի անում՝ մարդկության ամոթն է»,- գրել է Ալիդոստին։
Պետական IRNA լրատվական գործակալության հրապարակման համաձայն՝ ոստիկանությունը ձերբակալել է դերասանուհուն, որովհետև նա չի կարողացել ներկայացնել «իր պնդումները հաստատող փաստաթղթեր»։
38-ամյա Տարանե Ալիդոստին իրանցի ամենահայտնի դերասանուհիներից մեկն է։ Նա գլխավոր դերերից մեկն է կատարել «Շրջիկ գործակալ»(«Կոմիվոյաժոր») ֆիլմում, որը 2016 թ․ «Օսկար» մրցանակի է արժանացել որպես օտարալեզու լավագույն ֆիլմ։
Փոխանցում է BBC-ն։
