Իրանի իշխանությունները տեղեկացրել են, որ երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ներում է շնորհել «տասնյակ հազարավոր» բանտարկյալների, այդ թվում՝ նրանց, ովքեր դատապարտվել են հակակառավարական ցույցերին մասնակցելու համար։
Սակայն ներման շնորհումն ուղեկցվել է մի քանի պայմաններով, այդ թվում՝ գրավոր զղջմամբ։
Ներումը շնորհվել է իսլամական հեղափոխության տարեդարձի առթիվ, որն ավարտվել է 1979 թ․ փետրվարի 11-ին շահի արտաքսմամբ և Իրանի իսլամական հանրապետության հռչակմամբ։
Այաթոլլա Խամենեին է ընդունում երկրում բոլոր վերջնական որոշումները։ Նա նշել է, որ անկարգություններին մասնակցած կալանավորներին ներում կշնորհվի, կամ նրանց պատիժը կմեղմացվի միայն այն դեպքում, եթե նրանք «լրտեսություն չեն կատարել հօգուտ օտարերկրացիների և ուղիղ շփում չեն ունեցել օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալների հետ»։
Բացի այդ, ներման ենթակա են նաև բողոքի ցույցերի այն մասնակիցները, որոնք սպանություններ չեն կատարել, միտումնավոր կերպով վնասներ չեն հասցրել և չեն վնասել պետական, ռազմական կամ հանրային օբյեկտները։
Ներումը չի տարածվի կրկնակի քաղաքացիություն ունեցող կալանավորների վրա։
Փոխանցում է BBC-ն։