‘
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով ժամանել է Իրան, որտեղ, ինչպես նշել են Կրեմլում, այդ երկրի ղեկավարի հետ քննարկելու է «քաղաքական, տնտեսական և մշակութային-մարդասիրական ոլորտներում համագործակցության առավել կարևոր թեմաներ»:
Այցի առաջին իսկ օրը Ռուսաստանի նախագահը հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, այնուհետև նրանց է միացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Թեհրան կատարած այցից առաջ հայտարարվել էր «Ռոսնեֆտի» և National Iranian Oil Company-ի միջև 30 միլիարդանոց պայմանագիր ստորագրելու մասին՝ ածխաջրածինների հետախուզման, արդյունահանման և մշակման վերաբերյալ:
Պուտինի այցի նախօրեին իրանական Բուշերում, «Ռոսատոմի» ղեկավարության ներկայությամբ, հանդիսավոր կերպով տրվել է իրանական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարության մեկնարկը: Ռուսաստանյան պետական ընկերությունում խոսում են Բուշերը ամբողջ տարածաշրջանի համար «Ռոսատոմի» տեխնոլոգիաների մշակման կենտրոն դարձնելու մտադրության մասին:
Թեհրանում Պուտինը, բացի նախագահ Ռոուհանիից, հանդիպել է նաև Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ:
Փոխանցում է euronews-ը:
‘