‘Իրանցիները «ռմբահարել են» Իսրայելի վարչապետին. «Մենք ջինս ենք կրում» (ֆոտոշարք) ‘

1152

Իսրայել վարչապետ Բինիամին Նեթանյահուն արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հերթական գրոհն է կատարել իր գաղափարական և քաղաքական հիմնական հակառակորդի՝ Իրանի նկատմամբ և «ֆիասկո» է կրել: BBC-ի արաբական խմբագրության հետ զրույցում վարչապետը խոսել է իրանական հասարակության փակ լինելու  և այն սահմանափակումների մասին, որ շարքային իրանցիներն զգում են իրենց մաշկի վրա: Պարզվել է, սակայն, որ Իսլամական Հանրապետությունում ազատությունների հարցն այդքան էլ վատ վիճակում չէ: «Եթե իրանցիներն ազատ ժողովուրդ լինեին, նրանք ջինս կկրեին, կլսեին արևմտյան երաժշտություն և ազնիվ ընտրություններ կանցկացնեին»,-  Նեթանյահուի խոսքերն է մեջբերում Reuters-ը: Վարչապետը քննադատել է նաև Իրանում ինտերնետի գրախոսությունը: Իրանցիներն այս հարձակումներին պատասխանել են յուրովի՝ Twitter-ը հեղեղելով իրենց ջինսային լուսանկարներով: Նրանցից մեկը գրում է. «Ես ջինս եմ հագնում, և եթե Իրանում Նեթանյահուի լրտեսները չեն տեսել ջինսեր հագնողներին և iPhone-ով արևմտյան երաժշտություն լսողներին,  կարող եմ իմ լուսանկարն ուղարկել նրան»: Իսրայելցի լրագրողները չեն հապաղել իրենց վարչապետի գրոհներից պաշտպանել իրանցիներին: Նրանցից մեկը Նեթանյահուին խորհուրդ է տվել այցելել բազմաթիվ բլոգներից մեկը, որտեղ իրանցիներն իրենց ամենօրյա հագուստներով լուսանկարներն են տեղադրում: Այդ լուսանկարներից երևում է, որ ազատության հարցում միակ խոցելի տեղը կանանց՝ գլուխները ծածկելու պահանջն է, իսկ մնացած հարցերում իրանցի երիտասարդությունը կարող է տրորել նույնիսկ արևմտյան հասակակիցների քիթը, փոխանցում է Newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյանին սպառնալիքների չեզոքացման վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը հանդիպել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին’