Ի պատասխան ամերիկյան վարչակազմի հայտարարությունների՝ Մերձավոր Արևելքի երկրների համար Ռուսաստանի և Իրանի ռազմական համագործակցության մտահոգությունների վերաբերյալ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանանին հայտարարել է, որ դա ընդամենը «ամերիկյան քարոզչություն է»։
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչները վերջին շաբաթներին բազմիցս ասել են, որ կամիկաձե-դրոնների դիմաց, որոնցով Ռուսաստանը գրոհում է Ուկրաինայի և հատկապես նրա էներգետիկ ենթակառույցների վրա, Մոսկվան Թեհրանին է փոխանցում իր նորագույն կործանիչները և այլ ժամանակակից զենքեր։ Թեհրանը պնդում է, որ պատերազմի սկզբից ի վեր՝ Ռուսաստանին ռազմական անօդաչուներ չի մատակարարել (դա հերքվում է Ուկրաինայում հայտնաբերված բեկորներով), իսկ Մոսկվան ընդհանրապես չի խոստովանում, թե նման զենք է գնել։
Վաշինգտոնի հայտարարությունների համաձայն՝ իրանցիների ձեռքում ռուսաստանյան սպառազենքը սպառնալիք կդառնա Մերձավոր Արևելքում ամերիկյան դաշնակիցների համար։ Այդ ազդանշանն ակնհայտորեն հասցեագրված է Իսրայելին, Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի երկրներին, որոնք չնայած Իրանի հանդեպ իրենց խոր հակասություններին՝ չեն ցանկանում միանալ Ռուսաստանի պայքարին։
Ինչպես տեղեկացրել է France Presse-ը, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, թե Թեհրանն իր ազգային շահերից է ելնում, «արտաքին հարաբերություններ կառուցելիս գործում է ինքնուրույն և ոչ մեկից թույլտվություն չի խնդրում»։
Փոխանցում է BBC-ն։