‘Իրավական հիմքեր չկան. Նաիրիտցիների աշխատավարձային պարտքերը չեն վճարվելու ‘

1117

Մոտ մեկ ամիս առաջ Նաիրիտի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ռ. Սաղաթելյանն ընկերության աշխատակիցներին է ավետել երկար սպասված լուրը` իշխանությունները որոշում են կայացրել մինչև տարեվերջ վճարվել աշխատավարձի ողջ պարտքը ( կուտակված է 12-ից 18 ամսվա պարտք` մոտ 15 մլն դոլարի չափով): Այդ լուրը ԱԺ-ում հաստատեցին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ու իր տեղակալը: Բայց ինչպես ասում են, ժամանակից շուտ ուրախացան նաիրիտցիները:

Վեց օր առաջ` նոյեմբերի 27-ին, նաիրիտցիների հետ հանդիպեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարը և տեղեկացրեց , որ եկող տարվա փետրվարից Համաշխարհային Բանկը գործարանում անցկացնելու է տեխնիկական աուդիտ, ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ընկերության 178 աշխատակից ստանում է 400-2 մլն 600 հազար դրամ աշխատավարձ և գուժեց` աշխատավարձի ամբողջ պարտքը չի վճարվելու, քանի որ դրա համար իրավական հիմքեր չկան` այդպես էլ չբացատրելով, թե մեկ ամիս առաջ արված հայտարարության իրավական հիմքերը որոնք էին և ինչու դրանք հանկարծ վերացան:

Ըստ Երվանդ Զախարյանի, հաշվի առնելով այն փաստը, որ նաիրիտցիներն արդեն 75 օր աշխատավարձ չեն ստացել, որոշում է կայացվել նոյեմբերի վերջին վճարել մեկ ամսվա աշխատավարձ (նոյեմբերի 28-ին վճարվել է), և ևս մեկը` դեկտեմբերին` նկատի ունենալով Ամանորը: Մեր տեղեկություններով, տեղեկատվությունն այնքան շոկային էր, որ, չնայած Զախարյանի հորդորներին` իրեն հարցեր տալ, նաիրիտցիները լուռ հեռացան:
Մեկ օր առաջ  գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ռ. Սաղաթելյանը տեղեկացրեց, որ այսօրվանից Նաիրիտի բոլոր աշխատակիցները կստանան եկող տարվա փետրվարի 6-ից աշխատանքից կրճատվելու մասին ծանուցագրեր: 400-500 աշխատակցի հետ նորից կկնքվեն աշխատանքային պայմանագրեր: Նա նաև ասաց, որ 178 աշխատակիցների աշխատավարձերը կրճատվել են մի քանի անգամ:

Նախորդ հոդվածը‘Ագուերոն՝ Անգլիայի պրեմիեր լիգայի տարվա ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Դիտարկում՝ առանց միջադեպի’