‘
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, երեկ «Հրապարակի» լրագրողի հետ զրույցում անդրադառնալով աղբյուրի բացահայտման հետ կապված իրավապահ մարմինների պարտադրանքին, ասել է, որ հարցն իր համար խնդրահարույց է, եւ ինքն անգամ օրենսդրական առաջարկ է ներկայացրել արդարադատության նախարարություն:
«Ընդհանրապես միջազգային փորձը ցույց է տալիս, որ իրավապահ մարմիններն իրավունք չունեն ստիպել լրագրողներին բացահայտել աղբյուրը, բացառությամբ օրենքով խստիվ սահմանված դեպքերի՝ ազգային անվտանգությունից ելնելով: Մեր առաջարկը եղել է այն, որ աղբյուրի բացահայտման հետ կապված՝ ավելի հստակ կարգավորում սահմանվի, թե որ դեպքում լրագրողը պետք է բացահայտի աղբյուրը, որովհետեւ լրագրողն իրավունք ունի չբացահայտել աղբյուրը: Երբ ստիպում են լրագրողին բացահայտել, տեղի է ունենում խոսքի ազատության իրավունքի խախտում, որովհետեւ հնարավոր է՝ իրեն այլեւս ոչ մեկը չվստահի: Գործող օրենսդրությունն այս դեպքում միանշանակ չէ, եւ պարզ չէ, թե որ դեպքերում դուք իրավունք ունեք չբացահայտելու, եւ որ դեպքում պետք է բացահայտեք աղբյուրը»:
‘