‘Իրավապաշտպանները գրավել են Ուզբեկստանի նախագահի դստեր առանձնատունը’

852

Ժնևում բնակվող ուզբեկ իրավապաշտպանները գրավել են Ուզբեկստանի նախագահի ավագ դստեր՝ Գուլնարա Կարիմովայի առանձնատունը, հաղորդում է «Фергана»-ն՝ հղում անելով «Ազատություն» ռադիոկայանին: Ակցիան նախաձեռնել է քաղաքական փախստական, 52-ամյա Սաֆար Բեկժանովը, նրան ուղեկցել են Շվեյցարիայում գրանցված «Ուզբեկստանի ժողովրդավարական հասարակության» չորս ակտիվիստներ: Առանձնատունը գրավելու պահին, ըստ ռադիոկայանի, այն դատարկ է եղել: Ինչպես մեկնաբանել է Սաֆար Բեկժանովը, ակցիայի նպատակն է եղել «հանրության ուշադրությունը հրավիրել այն տան վրա, որը կառուցվել է ժողովրդի փողով»: Բացի այդ՝ իրավապաշտպանները ուզում են ստիպել, որ նախագահի դուստրը ժամանի Շվեյցարիա, որտեղ նրա շրջապատի մարդկանց նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով գործ է հարուցվել:

«Фергана»-ի տվյալներով՝ անշարժ գույքի ռեեստրի համաձայն՝ 2473 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շինությունը և հողատարածքը պատկանում են Goulnora Karimova-ին, որոնք նա 2009 թ. ձեռք է բերել 18,2 միլիոն դոլարով:

Նախկինում Կարիմովան դիվանագիտական ծառայության էր Ժնևում՝ զբաղեցնում էր Ուզբեկստանի փոխարտգործնախարարի պաշտոնը, նաև իր երկիրն էր ներկայացնում ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում: Այնուհետև նա նշանակվեց դեսպան Իսպանիայում: 2013 թ. ամռանը հայտնի դարձավ, որ Կարիմովան զրկվել է դիվանագիտական իմունիտետից: Դա տեղի էր ունեցել ընտանիքի հետ հարաբերությունների փչացման ֆոնին: Այնուհետև Գուլնարա Կարիմովան սկսեց բացահայտ հանդես գալ ազգականների, հատկապես՝ մոր և քույրերի դեմ՝ նրանց մեղադրելով զանազան անպարկեշտ արարքների համար, նաև սկսեց քննադատել երկրի ուժային կառույցները: Դա ուղեկցվում էր ճնշումներով նախագահի ավագ դստեր շրջապատի և նրան մոտ բիզնես-կառույցների նկատմամբ, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ալան Թյուրինգին՝ գաղտնագրեր կոտրողին և գեյին, հետմահու ներում է շնորհվել’
Հաջորդ հոդվածը‘Սուքիաս Ավետիսյանը չի մասնակցի հանձնաժողովի արտահերթ նիստին. Yerkir.am’