‘
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ Եգիպտոսում 2013 թ. ռազմական հեղաշրջումից ի վեր անվտանգության ծառայության կողմից ձերբակալված բոլոր անձինք ենթարկվում են սեռական բռնությունների՝ անկախ ձերբակալման հանգամանքներից: Այդ հանցագործության զոհ են դառնում ոչ միայն երկրի ղեկավար գեներալ Աս-Սիսիի քաղաքական ընդդիմախոսները, այլև հասարակական կազմակերպությունների անդամները, ուսանողները, կանայք և նրանք, ում համարում են սպառնալիք բարոյականության դեմ:
Զոհերի, նրանց փաստաբանների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հարցազրույցների արդյունքում իրավապաշտպան կազմակերպությունը եզրակացնում է, որ ոստիկանության, ազգային հետախուզության աշխատակիցները և զինվորականները հանցանք են գործում ընդդեմ սեռային անձեռնմխելիության, այդ թվում՝ դիմում են բռնաբարությունների, սեռական հարկադրանքների, ինչպես նաև այդ հողի վրա շանտաժների:
Զեկույցում նշվում է, որ հանցագործները բացառիկ դեպքերում են պատասխանատվության ենթարկվում: 2014 թ. հուլիսից, երբ տեղի ունեցավ Թահրիր հրապարակում խմբակային սեռական հարձակում գործած յոթ անձանց դատավարությունը, ոչ մի նման դատաքննություն այլևս չի եղել: Չնայած զոհերի կողմից ստացված բողոքներին՝ իրավապահ մարմինների ոչ մի աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել: 2013 թ. աշնանից կառավարությունն զբաղվում է ԼԳԲՏ-հանրության ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականություն սադրելով: Ոստիկանությունը ձերբակալում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին՝ ռեյդեր կատարելով հասարակական բաղնիքներ, նրանց հետևում է համացանցում, ապա անկարգությունների և «անպատշաճ պահվածքի» մեղադրանքներ է ներկայացնում ԼԳԲՏ ներկայացուցիչներին: Փոխանցում է newsru.com-ը:
‘