‘Իրավապաշտպանների հայտարարությունը Սեֆիլյանի գործով դատավճռի մասին’

2779

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (դատավոր՝ Տաթևիկ Գրիգորյան) 2018թ. մարտի 20-ին հրապարակվեց «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավճիռը: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց ամենախիստ պատժի՝ 10 տարի 5 ամսվա, իրավապահների հետ համագործակցած Հովհաննես Պետրոսյանը՝ ամենամեղմ՝ 2 տարվա ազատազրկման:

«Հիմնադիր խորհրդարանի անդամ» Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5 տարի 5 ամսվա ազատազրկման, ակտիվ քաղաքացի, երեք անչափահաս երեխաների հայր Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամսվա, Արցախյան պատերազմի մասնակիցներ Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, դուդուկի ուսուցիչ Գալուստ Գրիգորյանը՝ 3-ական տարվա ազատազրկման:

Մոտ 1 տարի տևած դատական պրոցեսը ցույց տվեց գործի արհեստական բնույթը: Միայն այն հանգամանքը, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները սկսվել էին դեռևս տարիներ առաջ, նա գաղտնալսվել էր 2014թ. մայիսից՝ ավելի քան 1 տարի՝ ընդմիջումներով, ըստ գործի նյութերի` ԱԱԾ-ն գաղտնալսել էր Ժիրայր Սեֆիլյանի 4 հեռախոսահամարներ, քննչական կոմիտեն` 3, ոստիկանությունը` 2, վկայում է քաղաքական հետապնդման ծրագրավորված լինելու մասին:

Միայն իրեղեն ապացույցների հետազոտումը դատարանում բավարար էր պատկերացում կազմելու համար, թե ինչպիսի մտացածին մեղադրանքի հետ գործ ունենք: Սա այն իրերի ոչ ամբողջական ցանկն է, որ հետազոտվել է դատարանում. ժանգոտված թուր, 2 ինքնաձիգ, 100 փամփուշտ, 2 բրդյա ծածկոց, դեղին սաղավարտներ, «100-ամյակն առանց ռեժիմի» գրությամբ դրոշ, դրոշների ձողեր, մեգաֆոն, տոնածառ, զինվորական կողմնացույց, «Ժիրայր Սեֆիլյան» գրությամբ սկավառակներ, Գառնի տաճարի պատկերով տետր, մեկ դաշույն, համակարգիչ, «Սիրելի հայրենակիցներ» արտահայտությամբ սկսվող թռուցիկներ…

Հայտարարում ենք, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հետապնդում ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ, ինչը վկայում է քաղաքական գործունեության հանդեպ տեղի ունեցող ոտնձգության մասին: Այս պարագայում խոսել արդար դատաքննության մասին, միամտություն է:

Հայտարարում ենք, որ այս քաղաքական հաշվեհարդարի պատասխանատուներն են ոչ միայն պատվեր տվողները, այլև պատվեր կատարող դատավորները, քննիչները, դատախազները, ոստիկանները:

Մենք Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին ճանաչել ու ճանաչում ենք որպես քաղաքական բանտարկյալներ:

Դիմում ենք Հայաստանում ու մեր պետության սահմաններից դուրս գտնվող միջազգային հանրությանը, կառույցներին՝ հայտարարելով, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, ովքեր հետապնդվում են իրենց քաղաքական գաղափարների համար՝ քրեական պատիժների ու երկարաժամկետ ազատաազրկման տեսքով:

Մենք՝ իրավապաշտպան կառույցներս, հայտարարում ենք, որ ամեն ջանք գործադրելու ենք ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, այլև հանիրավի դատապարտված մեր մյուս քաղաքացիների ազատության համար:

 

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ

«Անմեղության հայկական ծրագիր» իրավապաշտպան ՀԿ

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Նախորդ հոդվածը‘ԻՊ-ի հետ կապերի մեղադրանքով Իրաքում մահապատժի է ենթարկվել առնվազն 3 հազար մարդ’
Հաջորդ հոդվածը‘«Լեյպցիգ»-ի կիսապաշտպանը կարող է համալրել «Արսենալ»-ը’