‘Իրավապաշտպաններ. Ռուսաստանը վտարում է սիրիացի փախստականներին’

836

Ռուսաստանի իշխանությունները երկրից արտաքսում են սիրիացի փախստականներին՝ հաճախ դիմելով խաբեության և չպահպանելով իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները, հայտարարել է «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը:

 Իրավապաշտպանների տվյալներով՝ այս տարվա հուլիսից Սանկտ Պետերբուրգից Սիրիա են արտաքսվել առնվազն 14 փախստականներ: Նույնպիսի դեպքեր տեղի են ունեցել նաև Կրասնոդարի մարզում: Պետերբուրգում մի խումբ սիրիացիների բռնել էին «ՌԴ մուտքի ռեժիմը խախտելու» համար և տեղավորել արտասահմանցի քաղաքացիների պահման կենտրոնում: «Մեմորիալի» տվյալներով՝ երբ սիրիացիները ցանկացել են ժամանակավոր ապաստան տրամադրելու  վերաբերյալ դիմում ներկայացնել,  Դաշնային միգրացիոն ծառայության աշխատակցուհին նրանց համոզել է, որ դա ոչինչ չի տա, այլ ընդամենը մեկ տարով կերկարաձգի կենտրոնում նրանց մնալու հնարավորությունը: Սիրիացիներին նաև խոստացել են, որ նրանց արտաքսելու են ոչ թե Սիրիա, այլ տարածաշրջանի մեկ այլ երկիր՝ Թուրքիա, Լիբանան կամ Լիբիա: «Նրանց պարզապես խաբել են: Խոստացել են, որ Թուրքիա կուղարկեն, որն արդեն գրեթե մեկ միլիոն փախստական է ընդունել Սիրիայից: Մինչդեռ Ռուսաստանը մի երկու հազար հոգու չի կարողանում ընդունել»,- BBC-ի ռուսական ծառայությանը փոխանցել է «Մեմորիալի» անդամ, ռուսաստանյան իշխանություններին ուղղված դիմումի համահեղինակ Սվետլանա Գաննուշկինան: Իրավապաշտպանները Ռուսաստանի իշխանություններին կոչ են արել կատարել փախստականներին ընդունելու վերաբերյալ իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները, այլ ոչ թե դրաննց պատասխանատվության բեռը դնել այլ պետությունների վրա:

Ըստ իրավապաշտպանների ունեցած տվյալների՝ Ռուսաստանում ժամանակավոր ապաստան են ստացել Սիրիայի ընդամենը 600 քաղաքացիներ, այն դեպքում, երբ երկրի տարածքում նրանց թիվը հասնում է մի քանի հազարի:

Նախորդ հոդվածը‘Ֆրանցիսկոս պապը դատապարտել է «փողի պաշտամունքը» և «վայրի կապիտալիզմը»’
Հաջորդ հոդվածը‘Տիմոշենկոն «անժամկետ հացադուլ» է հայտարարել’