‘Իրավապաշտպան. Անմեղ երիտասարդին մեղադրում են խուլիգանական դրդապատճառներով սպանություն կատարելու մեջ’

1486

16-ամյա Տիգրան Հայրապետյանի սպանության գործում մեղադրվում է անչափահաս Հայկ Աղամալյանը, ում նկատմամբ առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած է միայն Աղամալյանի ինքնախոստովանական ցուցմունքը եւ եւս գործով շահագրգռված երկու անձանց ցուցմունքներ: Այս մասին այսօր լրագրողնրի հետ զրույցում ասաց Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Նրա խոսքով՝ Հայկ Աղամալյանին բերման են ենթարկել ոստիկանություն՝ առանց համապատասխան որոշման՝ 12 հոգով հարձակվելով իր եւ իր մերձավոր հարազատի վրա: «Ոստիկանական բաժանմունքում երիտասարդին արգելել են հանդիպել փաստաբանի, ինչպես նաեւ ընտանիքի անդամների հետ: Ավելին՝ ոստիկանությունում նրան ծեծի են ենթարկել եւ սպառնացել, որ ինքնախոստովանական ցուցմունքներ չտալու դեպքում իր մայրը եւ քույրը կընկնեն դժվար կացության մեջ»,- ասաց Միքայել Դանիելյանը:

Իրավապաշտպանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ հանցագործության մասին խոսվել է «Հերթապահ մաս» հաղորդաշարում, որի ժամանակ նշվել է, որ Հայկ Աղամալյանը խոստովանական ցուցմունքներ է տվել՝ այն պարագայում, երբ հաղորդաշարը ցուցադրվել է ավելի վաղ, քան Հայկի ցուցմունքներ տալը: Նշենք, որ խոսքը վիճաբանության ժամանակ տեղի ունեցած դանակահարության մասին է՝ մոտ 40-50 երիտասարդների մասնակցությամբ:

Միքայել Դանիելյանի խոսքով՝ այստեղ ամենակարեւոր հանգամանքներից մեկն այն է, որ այն մարդը, ով, այսպես ասած՝ կռիվը սարքել է եւ կանչել բոլորին, այժմ դատապարտված չէ, ավելին՝ նրա անունը չկա քրեական գործում: «Այդ նույն անձը՝ Կարեն Հակոբյանը, այժմ 18 տարեկան է եւ չնայած որ շուտով պետք է զորակոչվի բանակ, դատական նիստից երկու օր առաջ լքել է Հայաստանը: Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ սպանության զենք հանդիսացող դանակը փոխանցել են Կարեն Հակոբյանին եւ ասել, որ տանի կորցնի»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ դատական նիստի ժամանակ Հայկ Աղամալյանի համար 10 տարի ազատազրկում պահանջած դատախազից փորձել է ճշտել, թե որտե՞ղ է գտնվում դանակը, ինչին ի պատասխան դատախազը ասել է՝ ինչի՞ս է այն պետք:

Միքայել Դանիելյանը նշեց նաեւ, որ քննության ժամանակ չի իրականացվել հետքաբանական փորձաքննություն՝ պարզելու համար, թե ինչ տեսակի դանակով են հարվածել Տիգրան Հայրապետյանին: «Հիմքեր կան պնդելու, որ Հայրապետյանը զոհվել է դանակի մի քանի հարվածների հետեւանքով»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ կռվին մասնակցել է 40-ից 50 մարդ, սակայն մասնակիցներից ընդամենը երկուսն են այժմ գտնվում դատարանում, որոնցից մեկը քաղաքից չհեռանալու ստորագրության դիմաց ազատ է արձակվել: Նրա խոսքով՝ ոչ ոք չի տեսել, թե ինչպես է Հայկը հարվածել մահացածին, իսկ հագուստի փորձաքննությունից հետո պարզ է դարձել, որ Հայկի վրա արյան հետքեր չեն եղել:

Նշենք, որ Հայկ Աղամալյանին մեղադրում են խուլիգանական դրդապատճառներով դիտավորությամբ սպանություն կատարելու մեջ, իսկ գործը գտնվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում, ում քննության ներքո են գտնվել եւ գտնվում են մի շարք աղմկահարույց գործեր, այդ թվում նաեւ Շանթ Հարությունյանի եւ ընկերները գործը: 

Նախորդ հոդվածը‘Ընթերցողները միանում են «Բա ի՞նչ ես ուզում» ֆլեշմոբին ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի չեխական 6 բացահայտումները ‘