‘Իրավապաշտպան. Չկա «մշտապես բնակվող» հասկացողության իրավաբանական ձևակերպումը ‘

852

««Մշտապես բնակվող» հասկացողության իրավաբանական ձևակերպում չկա, այն թողնված է շատ սուբյեկտիվ ընկալման վրա: Չեմ փորձի օրենսդրի փոխարեն որակում տալ, բայց իմ ընկալմամբ՝ «մշտապես բնակվող» նշանակում է՝ ապրում ես տվյալ երկրում, երեխաներդ հաճախում են դպրոց կամ համալսարան, աշխատանքային գործունեություն ես ծավալում այդ երկրում: Սակայն հարց է առաջանում՝ եթե անձը դիվանագիտական ներկայացուցիչ է և պետության կողմից գործուղվել է որևէ երկիր, ապա դիվանագիտական առաքելությունն ավարտելուն պես վերադարձել է երկիր, այդ դեպքում վերջինս չի՞ համարվում Հայաստանում մշտապես բնակվող»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ մեկնաբանելով ԿԸՀ-ի կողմից սահմանված՝ նախագահի թեկնածու առաջադրվելու անհրաժեշտ այն պայմանը, ըստ որի՝ նախագահի թեկնածու կարող է առաջադրվել 10 տարի Հայաստանում մշտապես բնակվող անձը:

Իրավապաշտպանի պնդմամբ՝ ձևակերպման բացակայության պարագայում տվյալ հասկացությունը կիրառվում է ըստ նպատակահարմարության: Հստակ նշված չէ, թե արտասահմանում գտնվելու որ ժամանակահատվածի դեպքում անձը կարող է չհամարվել կամ համարվել ՀՀ-ում մշտապես բնակվող:

«Օրենքի անհստակության հետևանքով՝ մի շաբաթ, մի ամիս կամ մի տարի բացակայությունը կարող է հիմք հանդիսանալ մարդուն որպես թեկնածու չգրանցելու համար.ԿԸՀ-ն եզրակացություն կտա, որ ինքը մշտապես չի բնակվել: Որպես օրինակ՝ տարվա մեջ 5 անգամ տարբեր կոնֆերասների մասնակցելու համար երկրից դուրս եկող մարդուն կարող են համարել ՀՀ-ում մշտապես չբնակվող»,- եզրափակեց իրավապաշտպան Սաքունցը:

Նախորդ հոդվածը‘Փոփոխություններ, որոնք առաջարկում է Կոնգրեսը ‘
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիայի» ֆուտբոլիստը խոստացել է խմել 27 բարում’