‘Իրավապաշտպան. Փուչիկների գործով դատապարտյալը քավության նոխազ է ‘

783

«Փուչիկների գործով հենց սկզբից ի հայտ եկավ այն հանգամանքը, որ լիցքավորման պատվերը տրված էր իրավական գրանցում չունեցող կազմակերպության: Դատարանը չպարզեց, թե պատվիրված փուչիկների համար ինչպես է կատարվել իրավական գրանցում չունեցող կազմակերպության վարձատումը: Եթե վարձատրումը կատարվել է առձեռն, ապա ում է հանձնվել գումարը, և ով է եղել հանձնողը: Փաստորեն՝ դատարանը չարձանագրեց փողերի ոչ օրինական իրացման փաստը»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Ըստ նրա՝ այս հարցերին իրավական գնահատական չտալը նշանակում է իրականացնել միակողմանի քննություն՝ որպես քավության նոխազ օգտագործելով Սերոբ Բոզոյանին:

«Փաստորեն՝ ծածկադմբոց է արվել հանցագործության ամբողջական պատկերը, որի մեջ ներգրավված են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որովհետև այն փաստը, որ դեպքը տեղի է ունեցել կուսակցության հանրահավաքին, իրենցից ենթադրում է որոշակի պատասխանատվություն: Շատ զարմանալի է, որ չի եղել նաև փոխհատուցում, որը տուժողների իրավունքների բացահայտ խախտում է, նույնիսկ անկախ նրանից՝ բողոք ներկայացվել է, թե ոչ, պետք է տրվեր փոխհատուցում»,- նշեց իրավապաշտանը:

Հղում անելով ամբաստանյալ Բոզոյանի վկայությանը, թե ՀՀԿ մայիսի 4-ի նախընտրական հանրահավաքի կազմակերպիչներն իմացել են, որ փուչիկները կարող են պայթել, իրավապաշտպանը շեշտեց, թե սա ևս ապացուցում է, որ գործի քննությունը լիարժեք չի կատարվել: Նրա կարծիքով՝ այս ամենն ապացույց է նաև, որ Սերժ Սարգսյանի՝ իրավահավասարության մասին հայտարարությունները ոչ բովանդակային ու դեկլարատիվ են:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը «փուչիկների գործով» միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց ազատազրկման մեկ տարի ժամկետով:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում ձերբակալել են Օբամայի և Ռոմնիի «կանաչ» մրցակցուհուն’
Հաջորդ հոդվածը‘«ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատերը ներկայացել է ԱԱԾ’