‘
Այսօր առավոտյան, ժամը 7.50-ից «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբանները շարունակաբար ահազանգեր են ստանում այն մասին, որ ՀՀ ոստիկանության տարբեր ներկայացուցիչներ մուտք են գործել ՀՀ քաղաքացիների բնակարաններ որոշակի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնելու պատճառաբանությամբ: Կազմակերպության կայքից տեղեկանում ենք, որ այդ գործողություններն ուղեկցվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:
Մասնավորապես, ԻԵՄ-ի դիմումի հիման վրա փաստաբան Հայկ Հարությունյանը ժամանել է Արամ Հակոբյանի՝ Գյումրիի Ղուկասյան 15Ա հասցեում գտնվող բնակարանը, սակայն նրան թույլ չեն տվել մասնակցելու կատարվող խուզարկության գործողությանը:
ԻԵՄ-ն ահազանգ է կատարել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ, ինչից հետո նշված հասցե է ժամանել ՄԻՊ-ի ներկայացուցիչը, սակայն նրան ևս թույլ չեն տվել մուտք գործել հիշյալ բնակարան` մասնակցելու կատարվող գործողությանը:
Առավոտյան 6.30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների մեկ այլ խումբ մուտք է գործել Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի բնակարան` այն խուզարկելու նպատակով: Վարուժան Ավետիսյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտե:
Նույն ժամանակատվածում նմանատիպ հանգամանքներում բերման են ենթարկվել նաև Հիմնադիր խորհրդարանի անդամներ Պավել Մանուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Թորոս Սեֆիլյանը, Կարո Եղնուկյանը: Ըստ աղբյուրի, Պավել Մանուկյանի և Կարո Եղնուկյանի բնակարաններից առգրավվել են համակարգիչներ:
«Իրավունքի Եվրոպա միավորում»-ը խստիվ դատապարտում է ՀՀ ոստիկանության այսօրինակ ապօրինի գործելաոճը, կոչ է անում առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով և չխախտել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Անդրադառնալով ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությանը` ԻԵՄ-ը նշում է, որ այն ոչ այլ ինչ է, եթե ոչ` անձանց անմեղության կանխավարկածի խախտում:
‘