‘Իրաքի ՆԳՆ. Փարիզում գործում է «Իսլամական պետության» 200 հոգանոց խմբակ’

1286

Սիրիայում եւ Իրաքում պատերազմող «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման մի բջիջ գործում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Իրաքի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ադնան ալ-Ասադին:
Մոնակոյում՝ Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի ժամանակ ելույթ ունեցած փոխնախարարի խոսքերով՝ իրաքյան եւ ֆրանսիական հետախուզության ուժերը հայտնաբերել են այդ խմբակը, եւ ներկայումս այն հսկողության տակ է: «Խմբակի անդամների թիվն արդեն հասել է երկու հարյուրի»,- հինգշաբթի երեկոյան ալ-Ասադին մեջբերել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Նա նշել է, որ իրաքյան եւ ֆրանսիական հետախուզական ծառայությունները համատեղ գործողություն են իրականցրել մոտ մեկ շաբաթ: Սակայն նա որեւէ  մանրամասներ չի բացահայտել, մասնավորապես՝ հայտնի չէ, ԻՊ-ի հետ կապ ունեցող խմբակի անդամներն ինչ ազգության են պատկանում, ինչպես նաեւ արդյո՞ք կատարվել են ձերբակալություններ:
Չնայած ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի օդային հարվածների՝ «Իսլամական պետությանը» հաջողվում է պահպանել զգալի տարածքներ Սիրիայում եւ Իրաքում: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ծայրահեղականների մեջ կան նաեւ Եվրամիության անդամ երկրների քաղաքացիներ:

Յուրաքանչյուր յոթներորդ բրիտանացին համակրում է ԻՊ Սիրիայում եւ Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին հոկտեմբերի 31-ին հաղորդել է Times թերթը, որը հրապարակում է Populus ծառայության անցկացրած հարցման տվյալները: Հարցմանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի հազար երկու հարյուր բնակիչ: Նրանց ներկայացվել է պետությունների եւ կազմակերպությունների ցուցակ եւ առաջարկվել է տասը բալային սանդղակով գնահատել իրենց վերաբերմունքը դրանց նկատմամբ, գրում է թերթը:
«Չնայած նրան, որ հանրույթի մեծ մասը՝ 88 տոկոսը, ԻՊ-ին տվել է ցածր գնահատական, 18-34 տարեկան մասնակիցների 5,2 տոկոսը «տասից ինը » գնահատական են տվել:
Հիմնականում 25 տարեկանից ցածր հարցվածների 14 տոկոսը եւ 25-34 տարեկանների 12 տոկոսը ԻՊ-ին տվել են 7-ից մինչեւ 10 բալ, ինչը վկայում է որոշակի համակրանքի մասին», — եզրակացնում է Times-ը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ չորս երկրներ շարունակում են վիզա տրամադրել Ղրիմի բնակիչներին ‘
Հաջորդ հոդվածը‘Օբաման գաղտնի նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին’