‘
Իրաքցի ռազմական օդաչուները զինամթերքն ու սննդամթերքը նետել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին՝ նրանց սխալմամբ ընդունելով յուրայինների տեղ: Այդ մասին հաղորդել է ամերիկյան NBC հեռուստատեսությունը:
Իրաքցի մի պատգամավորի խոսքով, որ մեջբերում է հեռուստակայանը, մի քանի օդաչուներ ջուր, սննդամթերք և զինամթերք են նետել ԻՊ գրոհայինների կողմից վերահսկվող շրջաններում: «Մեր զինվորները բավականաչափ փորձ չունեն,և մենք այդպիսով «օգնել» ենք գրոհայիններին»,- ասել է պատգամավորը:
Իրաքի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը պարզաբանել է, որ դա տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին, և մանրամասնել է, թե «դրանք երիտասարդ, հենց նոր զորամաս ժամանած օդաչուներ են եղել»: Փոխանցում է ТАСС-ը:
‘