‘
Իրաքում շիաների և սուննիների միջև քաղաքական հաշտության իրական գործընթացի բացակայությունը «շատ լուրջ սխալ է» և երկրում «Իսլամական պետության» դիրքերն ամրապնդելու հնարավորություններ է ստեղծում: Այս կարծիքն է հայտնել Իրաքի փոխնախագահ Այադ Ալաուին երկուշաբթի The Guardian թերթին տված հարցազրույցում:
Փոխնախագահի կարծիքով՝ միայն օդային հարվածներով խնդիրը չի լուծվի, անհրաժեշտ է միջհամայնքային հաշտություն, որի բացակայության պայմաններում ԻՊ-ի ազդեցությունը կարող է աճել:
«Իրական մարտավարության և հաշտության բացակայությունը», նրա խոսքով՝ հատկապես պարզորոշ դրսևորվում է Բաղդադի սահմանակից շրջաններում: «Այնտեղ մոլեգնում են գրոհայինները, նրանք էթնիկ զտումներ են իրականացնում: Տեղացիներից շատերը ստիպված լքում են տները և չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրերը՝ ահաբեկչությունների պատճառով»,- հայտարարել է Այադ Ալաուին: Փոխանցում է ТАСС-ը:
‘