Առաջին նախանշաններն են հայտնվել, որ լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն ճգնաժամը սկսում է հանդարտվել։
Երեքշաբթի օրը Բելառուսի կողմից անցագրային կետերից մեկում հավաքված հարյուրավոր ներգաղթյալներ լեհ ոստիկանների ուղղությամբ քարեր ու շշեր են նետել, նրանք էլ պատասխանել են ջրցաններով և արցունքաբեր գազով։
Սակայն չորեքշաբթի միգրանտներն սկսել են հեռանալ սահմանի ինքնաշեն ճամբարից։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Կողմերը Բելառուսի և ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ անհապաղ բանակցություններ անցկացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել, որոնց ընթացքում կքննարկվի փախստականների՝ Գերմանիա գնալու ցանկությունը։
«Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը առաջին չվերթն է իրականացրել Մինսկից, որպեսզի հայրենիք վերադարձնի մի քանի տասնյակ միգրանտների, որոնք Բելառուս էին ժամանել Եվրամիության տարածք անցնելու հույսով։
Փոխանցում է BBC-ն։
