‘
Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի գերեզմանը քանդվել է «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների եւ իրաքցի զինվորականների միջեւ Թիքրիթ քաղաքի համար մղվող մարտերի արդյունքում, փոխանցում է Associated Press-ը:
Թիքրիթի շրջանում ակտիվ բախումներ են սկսվել կիրակի՝ մարտի 15-ին, Իրաքի ԶՈՒ հրամանատարության հայտարարության ֆոնին՝ առ այն, որ նրանք պատրաստվում են վերահսկողություն հաստատել քաղաքում 48 ժամվա ընթացքում: Մարտերը հիմնականում ընթանում են քաղաքից դեպի հյուսիս եւ հարավ:
Կապիտան Յասիր Նումայի (Yasser Nu’ma) խոսքերով՝ առավել զանգվածային հարձակման է ենթարկվել Հուսեյնի հարազատ Ուջա (Ouja) գյուղը, քանի որ այնտեղ է գտնվում նրա գերեզմանը: Զինյալները դամբարանի շուրջ ականներ եւ պայթուցիկ սարքեր են տեղադրել, որպեսզի կառավարական ուժերի համար թակարդ պատարստեն, նշել է նա:
Ականատեսների վկայությունների համաձայն՝ գերեզմանից պահպանվել են միայն հենասյուները: Բացի այդ անհետացել են նաեւ Հուսեյնի դիմանկարները: Դրանց փոխարեն՝ այժմ շիական դրոշներ են կախած:
‘